Մատչելի հղումներ

Մարսագնացն առաջին անգամ լազեր է կիրառել


Լազերի միջոցով արձակված էներգիան ժայռաբեկորի ատոմները վերածել էր իոնացված, հրաշեկ պլազմայի

Մարս մոլորակում գտնվող՝ ՆԱՍԱ-ի կողմից գործարկված «Curiosity» մարսագնացն առաջին անգամ լազերի կիրառմամբ փորձ է իրականացրել:

ՆԱՍԱ-ի կողմից տարածված հաղորդագրության համաձայն, մարսագնացի վյարէջքից 13 օր անց «Curiosity»-ին բռնցքի մեծություն ունեցող՝ «Coronation» (թարգմանաբար՝ «Թագադրություն») անվանումը ստացած ժայռից 10 վայրկյանում լազերի միջոցով 30 հարված է արձակել, որի արդյունքում 8 միլիմետր տրամագծով բեկոր է հեռացվել:

Մարսագնացի լազերի յուրաքանչյուր հարվածը, որն ունեցել է վայրկյանի մեկ միլիարդերորդական մասի տևողություն, մեկ միլիոն վատտ էներգիա հզորությամբ է եղել: Ընդհանուր առմամբ իրականացվել է նման հինգ հարված: Լազերի միջոցով արձակված էներգիան ժայռաբեկորի ատոմները վերածել էր իոնացված, հրաշեկ պլազմայի:
Բացի այդ, լազերային հարվածի արդյունքում առաջացած պլազմայի արտանետումն ուսումնասիրվել է մարսագնացի վրա տեղադրված «ChemCam» սարքի հեռադիտակների սպեկտրաչափերի կողմից՝ տեղեկանալու համար, թե ինչպիսի տարրեր են պարունակվում ուսումնասիրվող ապարում:

«Մարս մոլորակում լազերի կիրառումը հետապնդել է սարքերի տվյալները ստուգելու առաջնային նպատակ, սակայն կարող է նաև լրացուցիչ արժեքավոր տեղեկություններ տրամադրել: Գիտնականները կուսումնասիրեն նյութերի պարունակության մասին տեղեկությունները՝ փորձելով հայտնաբերել պարունակության փոփոխությունները: Նման փոփոխությունների գրանցումը կարող է նշանակել, որ լազերն անցնում է մակերևույթին առկա փոշին կամ այլ նյութերը՝ թույլ տալով ուսումնասիրել մակերևութայի շերտի տակ գտնվող նյութերում առկա տարբերությունները», - ասված է ՆԱՍԱ-ի կողմից տարածված հաղորդագրությունում:
XS
SM
MD
LG