Մատչելի հղումներ

Ֆ.Կաստրո՝ «Մեզ կայսրությունից ոչինչ պետք չէ»


Կուբայի նախկին ղեկավար Ֆիդել Կաստրոն, հակադարձելով Բարաք Օբամային, հոդված է գրել՝ անդրադառնալով Օբամայի Հավանայի ելույթին ու նշելով Կուբայի ձեռբերումները:

Կուբայի նախկին ղեկավար Ֆիդել Կաստրո Ռուսը, իշխանությունից հեռանալուց ի վեր առաջին անգամ հրապարակայնորեն անդրադարձել է քաղաքական հարցերին, մասնավորապես՝ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի դարակազմիկ այցելությանը Կուբա: Նրա խոսքը նպատակաուղղված է հակադարձելու Բարաք Օբամայի Հավանայում հնչեցրած ելույթը: 1500 բառից բաղկացած հոդվածը նա գրել է՝ ընդգծելով Կուբայի ձեռքբերումները ռասայական խտրականության վերացման, կյանքի մակարդակի բարձրացման և Աֆրիկայում ազատագրական պայքարին մասնակցության ոլորտներում, որը ըստ նրա, Օբաման անտեսել էր իր ելույթում:

Հակասությունները անցյալում թողնելու ԱՄՆ-ի նախագահի կոչին ի պատասխան, Կաստրոն դատապարտել է Կուբայի դեմ տնտեսական պատժամիջոցները և 1961 թ-ին ԱՄՆ-ի հովահանավորությամբ "Խոզերի" հրվանդանում հակահամայնավարական կուբացիների ձախողված ափհանումը: Կուբայի վատառողջ նախկին ղեկավարը ասել է. «Մեզ կայսրությունից ոչինչ պետք չէ»:

Ավագ Կաստրոն, ի տարբերություն իր փոքր եղբոր՝ Ռաուլի, ով այսօր ղեկավարում է երկիրը, չհանդիպեց ԱՄՆ-ի Նախագահի հետ: Երկուշաբթի մամլո ասուլիսի ժամանակ Սպիտակ Տան խոսնակ Ջոշ Էրնսթը նշել է, որ Կաստրոյի նման ուժգին արձագանքը, ցույց է տալիս, թե ինչ մեծ ազդեցություն է ունեցել ԱՄՆ-ի նախագահի այցը Կուբա, որը պաշտոնավարող ԱՄՆ-ի նախագահի առաջին այցն է այդ երկիր վերջին 90 տարում:

Միջամերիկյան երկխոսության հիմնադրամի ավագ գիտաշխատող և պատվավոր նախագահ Փիթեր Հաքիմը Ամերիկայի Ձայնին նշել է, որ Կուբայում ընթացող քաղաքական սերնդափոխության արդյունքները կանխատեսել դեռևս հնարավոր չէ, և դժվար է հասկանալ, թե ինչն է մտածում Կուբայի զառամյալ նախկին ղեկավարը:

XS
SM
MD
LG