Մատչելի հղումներ

Ղրիմի խորհրդարանը քվեարկել է Ռուսաստանին միանալու օգտին


Մոսկվայի աջակցությունը վայելող Ղրիմի խորհրդարանը որոշում է կայացրել Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվե անցկացնել այս տարվա մարտի 16-ին

Ուկրաինայի Ղրիմի մարզի խորհրդարանը հինգշաբթի օրը միաձայն քվեարկել է Ռուսաստանին միանալու օգտին:

Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից ընդունված որոշման մեջ ասված է, որ օրենսդրական այս մարմինն ընդունել է «Ռուսաստանի Դաշնության կազմին որպես Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ միանալու մասին որոշումը»:

Մոսկվայի աջակցությունը վայելող Ղրիմի խորհրդարանը որոշում է կայացրել Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվե անցկացնել այս տարվա մարտի 16-ին:

Ղրիմի խորհրդարանը դիմել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ իրենց պահանջը հաշվի առնելու խնդրանքով:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ նախագահ Պուտինին զեկուցել են Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից կայացված որոշման մասին: Պեսկովը սակայն հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ ներկայացնելուց:

Արձագանքելով Ղրիմի խորհրդարանի կողմից Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվե անցկացնելու մասին ընդունված որոշման՝ Ուկրաինայի տնտեսության նախարար Պավլո Շերեմետան «հակասահմանադրական» է անվանել այն:

Եվրամիության առաջնորդները հինգշաբթի օրն անցկացվող հանդիպման ընթացքում քննարկում են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունները: Եվրոպան սակայն մեծ կախվածության մեջ է Ռուսաստանից առաքվող գազից, և հնարավոր է, որ հանդիպման ընթացքում, որին մասնակցում է նաև Ուկրաինայի վարչապետ Արսենիյ Յացենյուկը, ընդունվելիք միջոցները խորհրդանշանակ բնույթի լինեն:
XS
SM
MD
LG