Մատչելի հղումներ

CPJ-ը հորդորում է Ադրբեջանին դադարեցնել ԶԼՄ-ների հետապնդումները


CPJ logo
CPJ logo

CPJ-ը՝ Ալիևին. «Հորդորում ենք Ձեզ հետադարձել այս միտումները և թույլ տալ մամուլի ներկայացուցիչներին ազատ իրականացնել լրագրողական գործունեությունը՝ առանց ազատազրկման, հարձակումների կամ քաղաքականացված դատավարությունների վտանգի»

«Լրագրողների պաշտպանության կոմիտե»՝ CPJ իրավապաշտպան կազմակերպության գործադիր տնօրենը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որտեղ վերջինիս ուշադրությունն է հրավիրել երկրում լրատվամիջոցների ազատության ոլորտում հետզհետե վատթարացող մթնոլորտի վրա:

«Ցանկանում ենք ուղղել Ձեր ուշադրությունը Ադրբեջանում մամուլի ազատության վատթարացող մթնոլորտի վրա, որը բացասական ազդեցություն է ունենում Ձեր կառավարության կողմից մամուլի ազատության և մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ ստանձնած պարտավորությունների վրա, խաթարում է երկրի պատկերը միջազգային հանրության աչքերում, ինչպես նաև խոչընդոտներ ստեղծում երկրում այս տարվա հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների թափանցիկության համար, որոնց ընթացքում Դուք, ըստ հաղորդագրությունների, նախատեսում եք դնել Ձեր թեկնածությունը՝ վերընտրվելու նպատակով: Հորդորում ենք Ձեզ հետադարձել այս միտումները և թույլ տալ մամուլի ներկայացուցիչներին ազատ իրականացնել լրագրողական գործունեությունը՝ առանց ազատազրկման, հարձակումների կամ քաղաքականացված դատավարությունների վտանգի», - ասված է կազմակերպության գործադիր տնօրեն Ջոել Սայմոնի կողմից հղված ուղերձում:

«Լրագրողների պաշտպանության կոմիտեի» տնօրենը հիշեցրել է, որ Ալիևն ու իր վարչակազմը նախկինում հրապարակայնորեն հայտարարել են, թե Ադրբեջանը ժողովրդավարական երկիր է, որտեղ քաղաքացիների իրավունքները և ազատությունները երաշխավորված են պետության կողմից, ինչպես նաև դատապարտել լրատվամիջոցների դեմ ուղղված հարձակումները և հերքել, որ Ադրբեջանում լրագրողների են բանտարկում:

«Լրագրողների պաշտպանության կոմիտեի կողմից իրականացված հետազոտությունը սակայն վկայում է ճիշտ հակառակի մասին. Ձեր ղեկավարած երկրում մամուլի ազատությունը գտնվում է շատ ավելի վատ վիճակում, քան ներկայացրել եք Դուք և Ձեր կառավարության պաշտոնյաները», - գրում է Սայմոնը:

Իրավապաշտպան կազմակերպության տնօրենը հիշեցնում է, որ Ադրբեջանի կառավարությունը շարունակում է բանտարկության ենթարկել լրագրողներին, դատախազները թերանում են լրագրողների դեմ իրականացվող հարձակումները հետաքննելու գործում, իսկ դատարանները որոշումներ են կայացնում, որոնց համաձայն անկախ լրատվամիջոցները պետք է չափազանց մեծ տուգանքներ մուծեն՝ վերջիններիս ներկայացվող զրպարտության մեղադրանքներով: CPJ-ի համաձայն, Ադրբեջանի օրենսդիրները նախատեսում են նաև սահմանափակել տեղական հասարակական կազմակերպություններին միջազգային հանրության կողմից տրամադրվող ֆինանսավորումը, աշխատում են նաև համացանցում ազատ խոսքը սահմանափակող օրենսդրություն մշակելու ուղղությամբ:

«Նախագահ Ալիև, այս խախտումները խաթարում են Ձեր երկրի միջազգային հեղինակությունը և, ըստ կազմակերպության հետազոտությունների, հավասարեցնում են Ադրբեջանը մամուլի ազատության դեմ ամենակոպիտ խախտումներն իրականացնող երկրներին: Եթե ուշադրություն չդարձնեք այս խնդրին, այս սահմանափակումների պատճառով Ադրբեջանի քաղաքացիները շուտով կհայտնվեն չգրաքննված տեղական լուրերին, ներառյալ՝ նախագահի գալիք ընտրությունների վերաբերյալ, մուտք չունենալու պայմաններում: Դիմում ենք Ձեզ՝ Ադրբեջանում բանտարկված ինը լրագրողներին ազատ արձակելու համար Ձեր լիազորություններն օգտագործելու կոչով, ինչպես նաև խնդրում ենք երաշխավորել, որ հետաքննություն իրականացվի լրագրողների դեմ ուղղված բոլոր հարձակումները: Հորդորում ենք Ձեզ նաև դադարեցնել քննադատական հաղորդագրություններով հանդես եկող լրատվամիջոցների դեմ հարուցված քաղաքականացված դատավարությունները և վետոյի իրավունքն օգտագործել Ինտերնետի կամ տեղական մամուլի դեմ կիրառվող սահմանափակումներն է՛լ ավելի խորացնող բոլոր օրինագծերի նկատմամբ», - եզրափակում է «Լրագրողների պաշտպանության կոմիտե» իրավապաշտպան կազմակերպության գործադիր տնօրենի նախագահ Ալիևին ուղղված նամակը:
XS
SM
MD
LG