«Լրագրողների պաշտպանության կոմիտե» լրագրողների իրավապաշտպան կազմակերպությունն իր նոր զեկույցում տեղեկացրել է, որ այս տարի աշխարհում կալանավորված լրագրողների թիվը հասել է 15 տարվա ամենաբարձր ցուցանիշի:
«Լրագրողների պաշտպանության կոմիտե»-ի կողմից հինգշաբթի օրը հրապարակված զեկույցում նշվել է, որ այս տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ աշխարհում բանտարկվել է 179 լրագրող, խմբագիր և ֆոտոլրագրող: Անցյալ տարի, ըստ իրավապաշտպանների, այս թիվը կազմել է 34 բանտարկություն:
ԱՄՆ-ից իր գործունեությունն իրականացնող իրավապաշտպան այս կազմակերպության համաձայն, արդեն երկրորդ տարին է, ինչ Իրանը գլխավորում է լրագրողներ բանտարկող պետությունների ցանկը:
«Լրագրողների պաշտպանության կոմիտե»-ի համաձայն, Իրանում այս տարի բանտարկվել է 42 լրագրող: Երկրորդ տեղում է Էրիթրեան, որտեղ բանտարկվել է 28 լրագրող, իսկ երրորդ տեղում Չինաստանն է, որտեղ մինչև այս տարվա դեկտեմբերի 1-ն ազատազրկվել է 24 լրագրող:
Կազմակերպությունը նշել է, որ անցյալ տարվա համեմատությամբ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայի պետություններում բանտարկված լրագրողների թիվն ավելացել է 50 տոկոսով:
Լրագրողների իրավապաշտպան կազմակերպության կողմից հրապարակված զեկույցում հիշատակված հետխորհրդային պետություններն են Ուզբեկստանը, որտեղ բանտարկվել է հինգ լրագրող, որին հետևում է Ղազախստանը՝ չորս բանտարկված լրագրող ցուցանիշով:
Զեկույցում ներկայացված տվյալների համաձայն, Ղրղըզստանում և Ադրբեջանում այս տարվա ընթացքում բանտարկվել է մեկական լրագրող:
«Լրագրողների պաշտպանության կոմիտե»-ի վկայությամբ, լրագրողները հիմնականում կալանքի տար են վերցվել պետության դեմ հանդես գալու մեղադրանքներով, ինչպես նաև գրաքննության կանոնները խախտելու համար:
Զեկույցում, ըստ կազմակերպության, չեն ներառվել տվյալներն այն լրագրողների մասին, որոնք առևանգվել են զինյալների կազմակերպությունների կամ հանցավոր խմբերի կողմից: