Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի կոնգրեսականները հորդորել են Սպիտակ տանը չխոչընդոտել «Հայ որբերի գորգի» ցուցադրման


«Հայ որբերի գորգի» պատկերը՝ Հակոբ Մարտին Դերանյանի «Նախագահ Քալվին Քուլիջն ու Հայ որբերի գորգը» նոր գրքից
«Հայ որբերի գորգի» պատկերը՝ Հակոբ Մարտին Դերանյանի «Նախագահ Քալվին Քուլիջն ու Հայ որբերի գորգը» նոր գրքից

Կոնգրեսականներ. «Հայ որբերի գորգը» Միացյալ Նահանգների պատմության մաս է կազմում և պատկանում է Ամերիկայի ժողովրդին»

«Կալիֆորնիա նահանգի կողմից ընտրված ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի անդամներ, դեմոկրատ Ադամ Շիֆն ու հանրապետական Դեյվիդ Վալադաոն հորդորել են ԱՄՆ-ի Կոնգրեսի իրենց գործընկերներին ստորագրություններ դնել իրենց հեղինակած՝ ԱՄՆ-ի Սպիտակ տանը հասցեագրված նամակի տակ, որտեղ կոչ է արվում փոխել հայ որբերի կողմից գործած և Օսմանյան Թուրքիայում 1915-ից 1923 թվականներն իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակ որպես ԱՄՆ-ի կողմից ցուցաբերված մարդասիրական օժանդակության համար երախտապարտություն ԱՄՆ-ի նախկին նախագահ Քալվին Քուլիջին նվերաբերված գորգի հանրային ցուցադրման արգելման մասին որոշումը»:

Այս մասին ասված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից տարածված հաղորդագրության մեջ, որի համաձայն «Հայոց ցեղասպանություն: Ճշմարտություն և արդարություն» բանաձևի (H. Res. 227) հիմնական հեղինակներ, կոնգրեսականներ Վալադաոն և Շիֆը մատնանշել են, որ «Հայ որբերի գորգը» Միացյալ Նահանգների պատմության մաս է կազմում և պատկանում է Ամերիկայի ժողովրդին:

«Արդեն մեկ տասնամյակից ավելի ամերիկահայ կազմակերպությունները աշխատանք են տանում գորգը հանրությանը ցուցադրելու ուղղությամբ, և այս նպատակով բազմիցս դիմել են ԱՄՆ-ի Սպիտակ տանն ու արտգործնախարարությանը՝ իրենց խնդրանքը բավարարելու համար: Ամերիկահայերի դիմումները, ցավոք, դեռևս չեն բավարարվել», - ԱՄՆ-ի Կոնգրեսին ուղղված նամակում գրում են կոնգրեսականներ Վալադաոն և Շիֆը:

Նույն պահանջով ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի աշխատակազմի ղեկավար Դենիս ՄըքԴոնոուին հասցեագրված նամակով դիմել էր կոնգրեսական Բրեդ Շերմանը:

Կոնգրեսական Շերմանի համաձայն, Սմիթսոնիան թանգարանում կազմակերպվող ցուցահանդեսի ժամանակ «Հայ որբերի գորգի» ցուցադրումը չեղյալ է հայտարարվել «ԱՄՆ-ի Սպիտակ տան կողմից գորգը չտրամադրելու անբացատրելի որոշման պատճառով»:

«Ուրույն այս աշխատանքը չպետք է թաքցրած լինի պահեստներում: Հակառակը՝ այն պետք է մշտական ցուցադրման դրվի Սմիթսոնիան թանգարանում: Անցյալը ճանաչելն ու հիշելը բխում է մեր պետության շահերից: Մենք պետք է ճանաչենք և դասեր քաղենք ողբերգական այս իրադարձություններից, որոնց հետևանքով որբ էին դարձել գորգագործները՝ երաշխավորելու համար, որ դրանք երբեք չեն կրկնվի: Հորդորում եմ ԱՄՆ-ի Սպիտակ տունը պահեստից դուրս բերել պատմական նշանակություն ունեցող այս գլուխգործոցը և մշտական ցուցադրման դնել «Սմիթսոնիան» թանգարանում», - շեշտել է կոնգրեսական Շերմանը՝ անդրադառնալով «Սմիթսոնիան» թանգարանում «Հայ որբերի գորգը» ցուցադրելուց հրաժարվելու մասին ԱՄՆ-ի Սպիտակ տան որոշման:
XS
SM
MD
LG