Մատչելի հղումներ

Կոնգրեսական Շիֆը ողջունել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը սատարող բանաձևի ընդունումը


«Գովասանքի խոսքեր եմ ուղղում նահանգի խորհրդարանի ընթացակարգային հանձնաժողովին՝ Լեռնային Ղարաբաղի անկախությունը հաստատող բանաձև ընդունելու համար»

Կալիֆորնիա նահանգի կոնգրեսական Ադամ Շիֆը ողջունել է Կալիֆորնիա նահանգի խորհրդարանի ընթացակարգային հանձնաժողովի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը սատարող համատեղ թիվ AJR 32 բանաձևի ընդունումը:

«Ես արդեն երկար ժամանակ սատարում եմ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և գովասանքի խոսքեր եմ ուղղում նահանգի խորհրդարանի ընթացակարգային հանձնաժողովին՝ Լեռնային Ղարաբաղի անկախությունը հաստատող բանաձև ընդունելու համար», - հայտարարության մեջ նշել է կոնգրեսական Շիֆը:

«Ողջունում եմ Արցախի ժողովրդի կողմից իրենց ճակատագիրն առանց Ադրբեջանի կողմից հարկադրման ընտրելու իրավունքին աջակցության արտահայտությունը, և հորդորում եմ Խորհրդարանին անհապաղ ընդունել բանաձևը», - ըստ հաղորդագրությունների՝ ասված է Կալիֆորնիա նահանգի խորհրդարանի ընթացակարգային հանձնաժողովի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը սատարող համատեղ թիվ AJR 32 բանաձևի ընդունման վերաբերյալ Կալիֆորնիա նահանգի կոնգրեսական Ադամ Շիֆի հայտարարության մեջ:

Կալիֆորնիա նահանգի խորհրդարանի ընթացակարգային հանձնաժողովն այս շաբաթվա սկզբին ընդունել էր Լեռնային Ղարաբաղի անկախությունը սատարող համատեղ թիվ AJR 32 բանաձևը, որը ներկայացվել է խորհրդարանական Մայք Գաթոյի կողմից, և որը համահեղինակել են Կալիֆորնիայի խորհրդարանականներ Աչաջյանը, Բոքանեգրան, Բրաունը, Աեն Քելդերոնը, Դաբաբնեհը, Նեստանդեն, Օլսենն ու Փաթերսոնը:

Կալիֆորնիա նահանգի խորհրդարանի ընթացակարգային հանձնաժողովի կողմից ընդունված համատեղ AJR 32 բանաձևում մասնավորապես ասված է, որ Կալիֆորնիա նահանգի օրենսդրական մարմինը խրախուսում և սատարում է որպես ազատ և անկախ պետություն զարգանալու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից գործադրվող ջանքերը՝ «երաշխավորելու համար իր քաղաքացիներին այն իրավունքները, որոնք բնորոշ են ազատ և անկախ հասարակությանը»:

«Կալիֆորնիա նահանգի օրենսդրական մարմինը հորդորում է Միացյալ Նահանգների նախագահին և Կոնգրեսին սատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշումն ու ժողովրդավարական անկախությունը և ռազմավարական կարևորություն ունեցող տարածաշրջանում միջազգային հանրության կողմից անվտանգության խնդիրներին արդար և տևական լուծում գտնելու ուղղությամբ ձեռնարկվող կառուցողական ներգրավվածությունը», - ասված է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի խորհրդարանի ընթացակարգային հանձնաժողովի կողմից ընդունված թիվ AJR 32 բանաձևում:
XS
SM
MD
LG