Մատչելի հղումներ

Կոնգրեսական Էնդրյուսը կոչ է անում զարգացնել առևտուրը ԱՄՆ-ի և Հայաստանի միջև


Կոնգրեսական Ռոբերտ Էնդրյուս
Կոնգրեսական Ռոբերտ Էնդրյուս

Նյու Ջերսի նահանգից դեմոկրատ կոնգրեսական Ռոբերտ Էնդրյուսը նախագահ Օբամայի վարչակազմին կոչ է արել Հայաստանի հետ բանակցություններ սկսել Առևտրի և ներդրումների շուրջ շրջանակային պայմանագրի վերաբերյալ` «ԱՄՆ-ում և Հայաստանում տնտեսական աճին նպաստելու և հայ ժողովրդի հետ մեր պետության կապերը ամրապնդելու նպատակով»:

Ներկայացուցիչ Էնդրյուսը, որն անդամակցում է բյուջեի և զինված ուժերի ծառայությունների ազդեցիկ հանձնաժողովներում, 2010 թվականի սեպտեմբերին նամակ հղելով ԱՄՆ-ի առևտրային ներկայացուցիչ` դեսպան Ռոն Քըրքին ասել էր, որ «որպես այդպիսի պայմանագրի հիմք է ծառայելու Հայաստանի հետ վարվող ներկա տնտեսական երկխոսությունը»: Նա ավելացրել է, թե «Առևտրի և ներդրումների շուրջ շրջանակային պայմանագիրը ԱՄՆ-ի կառավարությանը կտրամադրի առավել կայուն հիմքեր` տնտեսական համագործակցության, առևտրի և ներդրումային հնարավորությունների մասին Հայաստանի իշխանությունների հետ հանդիպումներ և խորհրդակցություններ անցկացնելու համար»:

Հայ դատի գրասենյակի կողմից հոկտեմբերի 4-ին տարածված հաղորդագրության համաձայն, որպես ԱՄՆ-ի և Հայաստանի միջև Առևտրի և ներդրումների շուրջ շրջանակային պայմանագիր կնքելու հիմք Նյու Ջերսիի կոնգրեսականը մեջբերել է, մասնավորապես, Հայաստանում տնտեսական բարեփոխումների իրականացման առաջխաղացումը, ինչպես նաև ուշադրություն է հրավիրել Հայաստանի համագործակցությանը ԱՄՆ-ի հետ տարածաշրջանային և համաշխարհային անվտանգության գերակայությունների ոլորտներում:

Նյու Ջերսի նահանգի և ԱՄՆ-ի ամերիկահայերի կողմից շնորհակալություն հայտնելով կոնգրեսական Էնդրյուսին` Հայ դատի Նյու Ջերսիի գրասենյակի համանախագահ Ջեյմս Սահակյանը ասել է. «Առևտրի և ներդրումների շուրջ շրջանակային պայմանագիրը խթանելու է երկկողմանի առևտուրը և ներդրումները` ստեղծելով աշխատատեղեր արտահանմանը նպաստող ոլորտներում ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Հայաստանում»:

XS
SM
MD
LG