Մատչելի հղումներ

Ադրբեջանում ընտրությունները կարող են դառնալ Հայաստանի հետ հակամարտության վերսկսման պատճառը


Ռիչարդ Կիրակոսյան. «Ադրբեջանում նախագահական ընտրությունների նախընտրական կրքոտ քարոզարշավը կարող է իրական բախումների հանգեցնել»

Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն է անդրադարձել «Ամերիկայի Ձայն»-ի ռուսաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Բրուքը, որը «Ադրբեջանն ընտրությունները կարող են դառնալ Հայաստանի հետ հակամարտության վերսկսման պատճառը» վերնագիրը կրող իր հոդվածում մեջ է բերում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի քաղաքական և հասարակական գործիչների խոսքը, որոնց համաձայն
Ադրբեջանում կայանալիք ընտրություններն ազդեցության կունենան Լեռնային Ղարաբաղի սառեցված հակամարտության վրա:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը հոդվածում զգուշացնում է, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունների նախընտրական կրքոտ քարոզարշավը կարող է իրական բախումների հանգեցնել:

«Մոտակա ապագայում դիվանագիտական կամ քաղաքական որևէ առաջընթաց քիչ է հավանական», - ասել է հետազոտական կենտրոնի տնօրեն Կիրակոսյանը՝ հավելելով. «Առկա է պատերազմի բարձր հավանականություն: Հետաքրքրական է սակայն, որ վտանգ է ներկայացնում պատահականության պատճառով բռնկված պատերազմը, որի դեպքում բախումները կարող են դուրս գալ վերահսկողությունից»:

Երևանից իր գործունեությունն իրականացնող Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը սակայն կանխատեսում է, թե Ադրբեջանի չի դիմելու Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ լայնամասշտաբ հարձակում իրականացնելու ռիսկի:

«Պաշտպանիչ շինությունները շատ ամուր են կառուցված և հագեցված են սարքավորումներով: Հրասայլերի միջոցով ճակատային հարձակման դիմելը շատ լուրջ հետևանքներ կունենա: Դա կբերի բազմաթիվ զոհերի: Դա շատ լուրջ է», - ասել է Իսկանդարյանը:

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Բրուքին տված հարցազրույցում իր հերթին նշել է, որ այն, ինչ տեղի է ունենում Ադրբեջանում՝ հակահայկական հիսթերիան, սպառազինությունների մրցավազքը և հայատյացությունը, հետաձգում են ղարաբաղյան խնդրի լուծումը:
XS
SM
MD
LG