Մատչելի հղումներ

Կոլորադո նահանգում սպանդի գործով մեղադրյալը կանգնել է դատարանի առջև


Հրաձգությունը նոր թափ է հաղորդել Միացյալ Նահանգներում զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողության անբավարար լինելու շուրջ քննարկումներին

Կոլորադո նահանգի կինոթատրոններից մեկում 12 սպանության և 58 մարդուն վնասվածքներ հասցնելու մեջ մեղադրվող անձը երկուշաբթի օրն առաջին անգամ կանգնել է դատարանի առջև:

Մազերը վառ նարնջագույն ներկած Ջեյմս Հոլմսը երկուշաբթի օրը դատարանում շփոթված և անհույզ տեսք ուներ այն ժամանակ, երբ դատավորը հայտնել է նրան առաջին աստիճանի ծանր սպանություն կատարելու մեջ մեղավոր ճանաչելու հավանականության մասին:

Դատավորն այնուհանդերձ հրաման է արձակել մինչև գալիք երկուշաբթի մեղադրյալին կալանքի տակ պահելու մասին: Հոլմսը պետք է վերադառնա դատարան մեկ շաբաթ անց՝ մեղադրականը նրան պաշտոնապես ներկայացնելու համար:

Դատախազությունը հայտնել է Հոլմսի նկատմամբ մահապատժի կիրառում պահանջելու մասին: Քննիչներն այս ընթացքում շարունակում են ի մի բերել հրաձգությանը նախորդած իրադարձությունները:

Ոստիկանության կողմից Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքի մոտակայքում գտնվող Ավրորա բնակավայրում անցյալ ուրբաթ օրվանից կալանավորված լինելուց հետո Ջեյմս Հոլմսը պահվում է մեկուսի բանտարկության մեջ: Իշխանությունների համաձայն, նա հրաժարվում է խոսել «Մութ ասպետ. վերածնունդ» («The Dark Knight Rises») կինոնկարը դիտողների ուղղությամբ կրակ բացելու պատճառների մասին:

Այս հրաձգությունը նոր թափ է հաղորդել Միացյալ Նահանգներում զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողության, մասնավորապես զենքի առցանց գնումների կարգավորման անբավարար լինելու շուրջ քննարկումներին: Իշխանությունների համաձայն, հարձակումից մի քանի ամիս առաջ Հոլմսը հազարավոր փամփուշտներ է գնել համացանցից: Համացանցով զենքի վաճառքի կողմնակիցները սակայն պնդում են, որ սպառազինության նման վաճառքն օրինական է, քանի որ այն առավել դյուրին է դարձնում մեծածախ գնումները որսորդների համար:
XS
SM
MD
LG