Մատչելի հղումներ

Համարբերգ. «Թուրքիան պետք է բարելավի կրոնի ազատության իրավիճակը»


Համարբերգ. «Թուրքիան պետք է բարելավի կրոնի ազատության իրավիճակը»
Համարբերգ. «Թուրքիան պետք է բարելավի կրոնի ազատության իրավիճակը»

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը նշել է, որ Թուրքիայում ձեռնարկվել են դրական քայլեր` կրոնական փոքրամասնությունների կողմից իրենց հավատքը ազատորեն դավանելու ուղղությամբ, սակայն այս ոլորտում դեռևս կան չլուծված խնդիրներ, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնեն այս երկրի իշխանությունները:

Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, Համարբերգը գոհունակությամբ է նշել ոչ մահմեդական փոքրամասնությունների դավանանքի վայրերը, ունեցվածքը և կրոնական ազատությունը պահպանելու ուղղությամբ իրականացված միջացառումները, և ողջունել է թշնամանք և ատելություն հրահրող նյութեր պարունակող հրապարակությունների դեմ պայքարելու մասին Թուրքիայի վարչապետի կարգադրությունը:

Հանձնակատար Համարբերգը նշել է սակայն, որ Հեյբելիադայի (Հալքի) հունական ուղղափառ աստվածաբանական վարժարանի աշխատանքը չի վերսկսվել, և կրկին հանդես է եկել վարժարանի աշխատանքը վերսկսելու թույլտվություն տալու, ինչպես նաև Թուրքիայում հոգևորականների, ներառյալ հայ հոգևորականների վերապատրաստման համար առկա խոչընդոտները վերացնելու առաջարկությամբ:

Եվրախորհրդի հանձնակատարն իր մտահոգությունն է հայտնել նաև Թուրքիայի կողմից կրոնի ազատության վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման դանդաղ կատարմամբ: Բացի այդ, հանձնակատարը պահանջել է ներկայացնել լրացուցիչ տեղեկություններ ալևի համայնքին հասանելիք ֆինանսական օգնության խնդրի լուծման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին, քանի որ այս խնդիրը ազդեցություն ունի կրոնի ազատության կիրառման վրա:

Հանձնակատար Համարբերգը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել նաև լուծում տալ կրոնական պատկանելիության մասին տեղեկություններ պարունակող անձը հաստատող փաստաթղթերի խնդրին` Ստրասբուրգի դատարանի 2010 թվականին կայացրած որոշմանը համաձայն: Դատարանն այս որոշումով դատապարտել է Թուրքիային կրոնի ազատությունը խախտելու համար` նշելով, որ անձը հաստատող փաստաթղթերում կրոնական պատկանելիության վերաբերյալ տողն արդեն ինքնին խախտվում է անձի կրոնական ազատության իրավունքը:

XS
SM
MD
LG