Մատչելի հղումներ

Կանադայի մարդու իրավունքների թանգարանը և Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել


«Հարգանք մարդու իրավունքների նկատմամբ դժվար է կառուցել, սակայն հեշտ՝ ոչնչացնել: Մարդու իրավունքներն ընդունող յուրաքանչյուր հասարակություն պետք է շարունակաբար աչալրջորեն խթանի և պաշտպանի այդ իրավունքները»

Կանադայի Վիննիպեգ քաղաքում անցկացվել է Կանադայի մարդու իրավունքների թանգարանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի միջև Փոխըմբռման հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը:

«Վինիփեգ Ստար» պարբերականի փոխանցմամբ՝ երկու կազմակերպությունների միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրմանն օժանդակել է Կանադայում գործող Ցեղասպանության և մարդու իրավունքների հետազոտության միջազգային ինստիտուտը: Փոխըմբռման հուշագրի ստորագրմանն օժանդակելու ուղղությամբ գործում մասնակցություն է ունեցել նաև Զորյան ինստիտուտը:

«Փոխըմբռման պայմանագրով կողմերը պայմանավորվեցին համագործակցել Հայոց ցեղասպանության ուսումնասիրման, գրահրատարակչության, կրթության, համատեղ ցուցադրությունների կազմակերպման, տեղեկատվության, խորհրդատվության փոխանակման և այլ ոլորտներում», - ասված է Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Ըստ հաղորդագրության, պայմանագիրը ստորագրել են Կանադայի մարդու իրավունքների թանգարանի տնօրեն Ստյուարտ Մյուրեն և Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ստորագրման արարողությանը ներկա են եղել Կանադայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանը, Զորյան ինստիտուտի նախագահ Գուրգեն Սարգսյանը, կանադահայ համայնքի ներկայացուցիչներ:

«Հարգանք մարդու իրավունքների նկատմամբ դժվար է կառուցել, սակայն հեշտ՝ ոչնչացնել: Մարդու իրավունքներն ընդունող յուրաքանչյուր հասարակություն պետք է շարունակաբար աչալրջորեն խթանի և պաշտպանի այդ իրավունքները», - ասել է Կանադայի մարդու իրավունքների թանգարանի տնօրենը՝ հավելելով. «Մեզ համար շատ հաճելի է միացնել մեր ձեռքերը Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի հետ՝ խթանելու կրթությունը, իրազեկումը և մարդու իրավունքների շուրջ երկխոսությունը»:

Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն, ըստ հաղորդագրության, շեշտել է. «Հայոց ցեղասպանությունը մարդու իրավունքների շատ կարևոր պատմություն է: Մարդկության դեմ հանցագործության հասկացությունն առաջացել է ի պատասխան հայ ժողովրդի դեմ իրականացրած մի շարք սարսափելի խախտումների: Այս համագործակցությունը կօգնի Հայոց ցեղասպանության պատմությունը հասցնել ավելի լայն լսարանի՝ ի շահ եկող սերունդների»:

Կանադայի մարդու իրավունքների թանգարանը, որի հանդիսավոր բացումը նախատեսվում է 2014 թվականի սեպտեմբերի 20-ին, ու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը պայմանավորվածություն են ձեռք բերել նաև 2015 թվականին Կանադայի մարդու իրավունքների թանգարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված ժամանակավոր ցուցադրության կազմակերպելու շուրջ:
XS
SM
MD
LG