Մատչելի հղումներ

Արտգործնախարար Քլինթընն այցելել է Բելֆաստ


Արտգործնախարար Քլինթընի այցը Բելֆաստ կատարվում է քաղաքում բողոքականների և կաթոլիկների համայնքների միջև նկատվող բարձր լարվածության ընթացքում

ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընն ուրբաթ օրն այցելել է Հյուսիսային Իռլանդիա՝ կատարելով Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնում իր վերջին այցերից մեկը:

Արտգործնախարար Քլինթընի այցը Բելֆաստ կատարվում է քաղաքում բողոքականների և կաթոլիկների համայնքների միջև նկատվող բարձր լարվածության ընթացքում: Քաղաքի օրենսդիրների կողմից այս շաբաթվա սկզբին պետական մարմինների շենքերի վրա Մեծ Բրիտանիայի դրոշը մեկ ամբողջ տարի չբարձրացնելու մասին ընդունված վիճահարույց որոշումը բռնություններ էր հրահրել քաղաքում:

ԱՄՆ-ի արտգործնախարարը հինգշաբթի օրը Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում էր, որտեղ հանդիպումներ է անցկացրել մարդու իրավունքների ոլորտում գործող ակտիվիստների հետ: Արտգործնախարարը խիստ քննադատության է ենթարկել մի շարք արևելաեվրոպական և կենտրոնասիական պետությունների՝ նշելով, որ այդ երկրները հետ են կանգնել ժողովրդավարական բարեփոխումների անցկացումից:

Միացյալ Նահանգների արտգործնախարարը զգուշացրել է, որ Ռուսաստանը փորձում է «վերախորհրդականացնել» Արևելյան Եվրոպան և Կենտրոնական Ասիան՝ «Եվրասիական Միություն» անվանումը կրող դաշինքների ստեղծման միջոցով: Նրա համաձայն, նման նախագծերի հիմնական նպատակն է վերականգնել խորհրդային ժամանակաշրջանի ընթացքում տարածաշրջանի նկատմամբ ունեցած վերահսկողությունը՝ հավելելով, որ Վաշինգտոնն «աշխատում է նման գործընթացները դանդաղեցնելու կամ կանխելու ուղղությամբ»:
XS
SM
MD
LG