Մատչելի հղումներ

Քլինթընը բանակցություններ կանցկացնի Չինաստանում


ԱՄՆ-ը հույս ունի, որ վարքագծի կանոնների մշակումը կնպաստի ռեսուրսներով հարուստ Հարավչինական ծովի շրջանում վեճերի բռնկումների կանխման

ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընն ուղևորվել է Պեկին, որտեղ կայանալիք հանդիպումների ընթացքում խոստացել է Չինաստանի իշխանություններին ներկայացնել իր հստակ դիրքորոշումը Հարավչինական ծովի շուրջ առկա տարաձայնությունների վերաբերյալ:

Երկօրյա այցի ընթացքում արտգործնախարար Քլինթընը բանակցություններ կանցկացնի Չինաստանի ղեկավարների հետ: Այս երկրի իշխանությունները մինչ օրս դեմ են հանդես գալիս ծովային վեճերում Միացյալ Նահանգների ներգրավվածությանը:

Միացյալ Նահանգների համաձայն, Չինաստանը պետք է աշխատի Հարավասիական պետությունների ասոցիացիայի հետ վեճերի կարգավորման վարքագիծ մշակելու ուղղությամբ: ԱՄՆ-ը հույս ունի, որ վարքագծի նման կանոնները կնպաստեն ռեսուրսներով հարուստ այս տարածաշրջանում վեճերի բռնկումների կանխման:
Հարավչինական ծովի գրեթե ամբողջ տարածքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ցանկություն ունեցող Պեկինը սակայն դեմ է հանդես գալիս նման կանոնների մշակման՝ գերադասելով առանձին-առանձին գործ ունենալ վեճերի մյուս կողմերի՝ Թայվանի, Ֆիլիպինների, Վիետնամի, Մալայզիայի և Բրունեյի հետ:

Չինաստանի արտգործնախարարության խոսնակը մամուլի հետ երեքշաբթի օրն անցկացված կանոնավոր հանդիպման ընթացքում զգուշացրել է ԱՄՆ-ի «միջամտության» անթույլատրելիության մասին:

«Նկատել ենք, որ Միացյալ Նահանգները բազմիցս հայտարարել է, թե որևէ դիրքորոշում չունի Հարավչինական ծովի հարցում: Հուսով ենք՝ խոստումները կպահպանվեն և ավելի մեծ ջանքեր կգործադրվեն տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու, այլ ոչ թե հակառակի ուղղությամբ», - ասել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակը:

Չինաստան երեքշաբթի օրն ուղևորվելուց առաջ Քլինթընն ասել է, թե հարավասիական տարածաշրջանի պետությունները պետք է միասնական ճակատ կազմեն այս վեճը կարգավորելու հարցում՝ «ջրերը բառացիորեն հանդարտեցնելու նպատակով»: Նման հայտարարությամբ Քլինթընը հանդես է եկել Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում երկրի նախագահի և ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղարի հետ իր ունեցած հանդիպումների ժամանակ:
XS
SM
MD
LG