Մատչելի հղումներ

Քլինթընը հաստատելու է Եգիպտոսին ռազմական օգնության տրամադրումը


Եգիպտոսի զինված ուժերի հրամանատար, ֆելդմարշալ Հուսեյն Թանթավիին պատկերող ծաղրանկար` Եիգպտոսի փողոցներից մեկում

«ԱՄՆ-ը նախատեսում է Եգիպտոսին տրամադրել ամենամյա ռազմական օգնությունը, որի ծավալը կազմում է 1,3 միլիարդ դոլար` չնայած այն մտահոգությունների, որ երկրում պատշաճ կերպով չեն իրականացվում ժողովրդական բարեփոխումները»:

Այս մասին հայտնել է իր անունը հրապարակելուց հրաժարված Միացյալ Նահանգների արտգործնախարարության պաշտոնյաներից մեկը` հավելելով, որ ԱՄՆ-ի արտգործնախարար Քլինթընն ուրբաթ օրը հանդես կգա հայտարարությամբ, որի համաձայն Վաշինգտոնը որոշում է կայացրել Եգիպտոսին ռազմական օգնության տրամադրման համար ավելի վաղ սահմանված օրենսդրական պահանջներից հրաժարվելու մասին: Այս պահանջների համաձայն, որպես Եգիպտոսին ռազմական օգնություն հատկացնելու նախապայման սահմանվում էր երկրում ժողովրդավարական որոշ բարեփոխումների իրականացումը:

Արտգործնախարարության պաշտոնյայի փոխանցմամբ, այս պահանջներից Վաշինգտոնն այժմ հրաժարվել է` «Ամերիկայի ազգային անվտանգության շահերից ելնելով»:

Բացի այդ, ըստ անունը բացահայտելուց հրաժարված պաշտոնյայի, Եգիպտոսին տրամադրվելու է լրացուցիչ 200 միլիոն դոլարի տնտեսական օգնություն` հիմք ընդունելով վերջինիս կողմից Իսրայելի հետ կնքված խաղաղության պայմանագրի պայմանները կատարումը:

ԱՄՆ-ի բազմաթիվ օրենսդիրներ և իրավապաշտպան կազմակերպություններ արտահայտել են այս որոշմամբ իրենց հիասթափությունը` ասելով, որ Եգիպտոսի անցումային ռազմական ղեկավարները չեն դրսևորել ժողովրդավարական բարեփոխումներն ամբողջությամբ իրականացնելու իրենց հանձնառությունը:

XS
SM
MD
LG