Մատչելի հղումներ

Քլինթընը պատասխանատվություն է ստանձնել դիվանագետների անվտանգության ոչ պատշաճ ապահովման համար


Peru US Clinton Libya
Peru US Clinton Libya

ԱՄՆ-ի արտգործնախարարի համաձայն, ինքը պատասխանատվություն է կրում ամբողջ աշխարհում արտգործնախարարության աշխատողների անվտանգության ապահովման համար

ԱՄՆ- ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը պատասխանատվություն է ստանձնել անցյալ ամիս Լիբիայում Միացյալ Նահանգների հյուպատոսության ուղղությամբ իրականացված հարձակման համար՝ ասելով, որ պատասխանատվություն է կրում ամբողջ աշխարհում արտգործնախարարության աշխատողների անվտանգության ապահովման համար:

Պերու կատարվող այցի ընթացքում տված հարցազրույցի ժամանակ արտգործնախարար Քլինթընն ասել է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և փոխնախագահ Ջո Բայդենը չէին կարող տեղյակ լինել անվտանգությունն ապահովող անձնակազմի կողմից ընդունված որոշումների մանրամասների մասին:

Արտգործնախարարն ասել է նաև, որ այս տարվա սեպտեմբերի 11-ին Լիբիայում Միացյալ Նահանգների դեսպանի և ամերիկացի երեք այդ դիվանագետի մահվան պատճառը դարձած հարձակման նման հարձակումների բոլոր մանրամասներն անհնար է պարզել դրանց տեղի ունենալուց անմիջապես հետո:

Լիբիայում ԱՄՆ-ի հյուպատոսության վրա կատարված հարձակումը և նախագահ Օբամայի վարչակազմի արձագանքը դարձել են նախընտրական պայքարի ընթացքում մեծ արձագանք ստացած խնդիրներ: Նախագահական հանրապետական թեկնածու Միթ Ռմոնին խիստ քննադատության է ենթարկել նախագահ Օբամային՝ Բենգազիում ԱՄՆ-ի հյուպատոսության անվտանգության պատշաճ մակարդակը չապահովելու համար:

Հարցազրույցի ժամանակ արտգործնախարար Քլինթընը նշել է, թե չի ցանկանում, որպեսզի Բենգազիում տեղի ունեցած հարձակումը «մեղավորին որոնելու գործընթացի» մասը դառնա:

Հանրապետական սենատոր Ջոն ՄըքՔեյնն ու կուսակցության անդամ ևս երկու սենատոր երկուշաբթի ուշ երեկոյան իրենց կողմից հրապարակված հայտարարության մեջ սակայն նշել են, որ Քլինթընի մեկնաբանությունները «գովասանքի են արժանի», սակայն պատասխանատվությունը վերջիվերջո ընկնում է նախագահի վրա:

ԱՄՆ-ի Կոնգրեսի հանձնաժողովի նիստի ընթացքում այս շաբաթվա սկզբին ներկայացված վկայություններից պարզ է դարձել, որ Բենգիզիում Միացյալ Նահանգների հյուպատոսության վրա կատարված հարձակումից առաջ արտգործնախարարությունը ստացել է անվտանգությունը բարձրացնելու մի քանի հայտ, որոնք սակայն մերժվել են:
XS
SM
MD
LG