Մատչելի հղումներ

«ԱՄՆ-ն ակտիվ քայլեր է ձեռնարկում՝ դիվանագետներին պաշտպանելու ուղղությամբ»


Քլինթըն. «Միացյալ Նահանգները կշարունակի որոնել հարձակումն իրականացրածներին այնքան ժամանակ, մինչև այդ անձինք չհայտնաբերվեն և չպատժվեն»

Միացյալ Նահանգների արտգործնախարար Հիլարի Քլինթընն ասել է, որ երկիրն ակտիվ քայլեր է ձեռնարկում ամբողջ աշխարհում ԱՄՆ-ի դիվանագետներին պաշտպանելու ուղղությամբ՝ Միացյալ Նահանգներում նկարահանված հակամահմեդական կինոնկարով հրահրված բողոքի ցույցերի տարածման կապակցությամբ:

Քլինթընը երեքշաբթի օրն ասել է, որ Միացյալ Նահանգների բոլոր դեսպանատներում իրականացվում է անվտանգության գնահատականը, անհրաժեշտության դեպքում ընդունվում են անվտանգության առավել խիստ միջոցներ:

ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավարի համաձայն, արտգործնախարարությունը չուներ անցյալ շաբաթ Լիբիայի Բենգազի քաղաքում գտնվող հյուպատոսության ուղղությամբ իրականացված հարձակման նախապատրաստման վերաբերյալ հետախուզական այնպիսի տվյալներ, որոնք կարող էին հիմք դառնալ գործողություններ ձեռնարկելու համար:

Արտգործնախարար Քլինթընի համաձայն, ԱՄՆ-ի հյուպատոսության վրա գործած հարձակման պատճառով զոհված դեսպան Քրիստոֆեր Ստիվենսի և երեք այլ դիվանագետի սպանության հանգամանքների հետաքննության գործում աջակցություն է տրամադրում Լիբիայի կառավարությունը, և Միացյալ Նահանգները կշարունակի որոնել սպանություններն իրականացրածներին այնքան ժամանակ, մինչև այդ անձինք չհայտնաբերվեն և չպատժվեն:

Այս ընթացքում հակաիսլամական կինոնկարով հրահրված ցույցերը տարածվել են՝ հասնելով Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկ և Հնդկաստանի կողմից վերահսկվող Քաշմիր նահանգը:

Բանգկոկում Միացյալ Նահանգների դեսպանատունը երեքշաբթի օրը ավարտել էր իր աշխատանքը կեսօրին՝ ակնկալելով հակաամերիկյան ցույցեր, սակայն չի հայտնել, թե արդյոք որևէ հստակ վտանգ է սպառնացել երկրում գտնվող ամերիկացիներին:

Քաշմիր նահանգի Սրինագար քաղաքում անցկացված բողոքի ցույցերի ընթացքում տեղի են ունեցել քարեր նետող ցուցարարների բախումները ոստիկանության ուժերի հետ:

Հյուսիսային Աֆրիկայում գործող «ալ-Քաիդա»-ի ստորաբաժանումը տարածել է հաղորդագրություն, որտեղ կոչ է արել շարունակել ամերիկացի դիվանագետների դեմ ուղղված հարձակումները՝ այս կերպ վրեժխնդիր լինելով մարգարե Մուհամմեդին վիրավորանք հասցնող կինոնկարի համար:

Զինյալների այս խմբավորումը մասնավորապես սպառնացել է հարձակումներ իրականացնել Ալժիրում, Թունիսում, Մարոկկոյում և Մավրիտանիայում:

Բանգլադեշի պաշտոնյաները երեքշաբթի օրը հայտնել են դեպի «YouTube» կայքի մուտքն արգելափակելու մասին՝ փորձելով խոչընդոտել վիրավորական կինոնկարը դիտելու հնարավորությունը:

«Google» ընկերությունն իր նախաձեռնությամբ արգելափակել է մուտքը դեպի մահմեդականների զայրույթն առաջացրած տեսանյութը Լիբիայում, Եգիպտոսում, Ինդոնեզիայում և Հնդկաստանում:
XS
SM
MD
LG