Մատչելի հղումներ

Քլինթըն. «Ռուսաստանի հապաղումը կարող է Սիրիայում քաղաքացիական պատերազմի հանգեցնել»


ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընի համաձայն, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի նկատմամբ Ռուսաստանի կողմից վճռական քայլեր չձեռնարկելը «կարող է նպաստել այս երկրում քաղաքացիական պատերազմի ծավալման՝ հենց այն քաղաքացիական պատերազմի, որը, ըստ Մոսկվայի, այն փորձում է կանխել»:

Արտգործնախարար Քլինթընի համաձայն, ինքը մերժում է Ռուսաստանի «աղմկարար հայտարարություններն այն մասին, որ Սիրիայում այն կայունացնող ազդեցություն է ապահովում»: Փոխարենը, ըստ Քլինթընի, Մոսկվան սատարում է Ասադին այն ժամանակ, երբ վերջինիս կառավարությունը շարունակում է այլախոհների դեմ իրականացվող բռնությունները, որոնց հետևանքով, ըստ ՄԱԿ-ի գնահատականների, արդեն զոհվել է ավելի քան 10 հազար մարդ:

«Ուժգին դիմադրություն են ցուցաբերում Ռուսաստանն ու Չինաստանը, հիմնականում՝ Ռուսաստանը, ինչը դժվարացնում է միջազգային կոալիցիայի ձևավորումը», - ասել է Քլինթընը:

ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քարնին վերահաստատել է Քլինթընի մտահոգությունն այն մասին, որ Սիրիայում խռովությունները կարող են ներգրավել տարածաշրջանային տերությունները:

«Որքան ավելի երկար Ասադին ու իր մարդասպաններին թույլատրվի իրականացնել Սիրիայի ժողովրդի սպանությունները, այնքան ավելի հավանական կդառնա կրոնական հիմքով քաղաքացիական պատերազմը, որը ամենայն հավանականությամբ դուրս կգա Սիրիայի սահմաններից»:

ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակը զգուշացրել է, որ Սիրիայում կարող է ծավալվել երրորդ կողմերի մասնակցությամբ պատերազմ, որի ընթացքում Իրանը կսատարի Ասադին, իսկ այլ պետություններ կամ ուժեր՝ նրա դեմ հանդես եկող զինյալներին:

XS
SM
MD
LG