Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընը «Նովրուզ» տոնի կապակցությամբ իր շնորհավորական խոսք է ուղղել աշխարհի մահմեդականներին:
ԱՄՆ-ի արտգործնախարարության մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է.
«Մեծ հաճույքով բարեմաղթանքներ եմ հղում բոլոր նրանց, ովքեր նշում Նովրուզի տոնը: Ավելի քան 3 հազարամյակ Նովրուզը եղել է հույսի ժամանակաշրջան աշխարհի միլիոնավոր մարդկանց համար: Կարեկցանքի, ընտանեկան արժեքների և վերածննդի ոգին հյուսված է Նովրուզի մշակութային հարուստ ավանդույթների մեջ՝ հիշեցնելով աշխարհը բարելավելու մեր ընդհանուր հանձնառության մասին»:
«Միացյալ Նահանգների ժողովուրդը միանում է ձեզ՝ ողջունելով այս նոր տարին և դրանում ընտանեկան և բարեկամական կապերի ամրապնդման համար ստեղծվող նոր հնարավորությունները: Չնայած մենք առերեսվում ենք նոր մարտահրավերների հետ՝ հավատարիմ ենք մնում մարդու իրավունքներին և խոսքի ազատությանը՝ իրավունքներին, որոնք նպաստում են խաղաղության և առաջընթացի», - ասել է արտգործնախարար Քլինթընը:
«Մաղթում եմ ձեզ փառահեղ Նովրուզ, և թող ձեր բոլոր օրերը Նովրուզի նման լինեն», - եզրափակել է աշխարհի մահմեդականներին ուղղված շնորհավորական իր խոսքը Միացյալ Նահանգների արտգործնախարար Հիլարի Քլինթընը: