Մատչելի հղումներ

Չինաստանը Հյուսիսային Կորեայի ղեկավար է ճանաչել «ընկեր Կիմ Ջոնգ Ունին»


Չինաստանը Հյուսիսային Կորեայի ղեկավար է ճանաչել «ընկեր Կիմ Ջոնգ Ունին»

Հյուսիսային Կորեայում երեքշաբթի օրը շարունակվել են երկրի ղեկավար Կիմ Ջոնգ Իլի մահվան կապակցությամբ սգո արարողությունները, որոնց ընթացքում իր հոր բաց դագաղի մոտ հարգանքի տուրք է մատուցել երկրի ղեկավարի հնարավոր հետնորդ Կիմ Ջոնգ Ունը:

Հյուսիսային Կորեայի ամենամոտ դաշնակից՝ Չինաստանի իշխանությունները երեքշաբթի օրը հանդես են եկել հայտարարությամբ՝ որպես Հյուսիսային Կորեայի ղեկավար պաշտոնապես ճանաչելով Կիմ Ջոնգ Ունին:

Չինաստանի արտգործնախարարության խոսնակը երեքշաբթի օրը Պեկինում հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն իր երկիրը «վստահում է Կիմ Ջոնգ Ունին» և վստահություն հայտնել, որ Հյուսիսային Կորեայի ժողովուրդը կհամախմբվի «ընկեր Կիմ Ջոնգ Ունի շուրջ»՝ կոմունիստական հզոր պետություն կառուցելու և Կորեական թերակղզում հարատև խաղաղության հասնելու գործում:

Չինաստանի իշխանությունները հայտնել են նաև, որ Կիմ Ջոնգ Իլի որդի ու հավանական ժառանգորդ Կիմ Ջոնգ Ունը կարող է Չինաստան այցելել «իր համար հարմար ցանկացած ժամանակ»:

Չինաստանի իշխանությունների համաձայն, երկրի արտգործնախարար Յանգ Ջիեչին քննարկել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի մահվան հետ կապված խնդիրները ԱՄՆ-ի արտգործնախարարի հետ:

ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը հորդորել է Հյուսիսային Կորեայի նոր առաջնորդներին երկրի նախկին ղեկավար Կիմ Ջոնգ Իլի մահվանից հետո «խաղաղության ուղի որդեգրել»:

Այս հայտարարությամբ երկուշաբթի ուշ երեկոյան հանդես եկած Քլինթընը հույս է հայտնել, որ Հյուսիսային Կորեան կմեկնարկի «հարևանների հետ հարաբերությունների բարելավման ու իր սեփական ժողովրդի իրավունքների հանդեպ հարգալից վերաբերմունք հաստատելու» գործընթացը:

ԱՄՆ-ի արտգործնախարարն ասել է նաև, որ Միացյալ Նահանգները պատրաստ է օժանդակելու Հյուսիսային Կորեային « խաղաղության, բարեկեցության և հարատև անվտանգության նոր ժամանակաշրջան մուտք գործելու հարցում»:

XS
SM
MD
LG