ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընի համաձայն, Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության հիմքում պետք է ընկած լինեն տնտեսական հարցերը, և երկրին անհրաժեշտ է ավելի ամուր կապեր հաստատել ասիական պետությունների հետ:
Նյու Յորքի տնտեսական ակումբում ուրբաթ օրը կայանալիք իր ելույթի ընթացքում Քլինթընը հայտնելու է Միացյալ Նահանգների գործարար աշխարհի առաջնորդներին, որ Ամերիկան այժմ դեմ առ դեմ կանգնած է այնպիսի աշխարհի հետ, որտեղ պետության հզորությունը որոշվելու է հիմնականում տնտեսության զարգացվածության, այլ ոչ թե ռազմական ուժի միջոցով:
Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարարի համաձայն, «ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև ստեղծված միջատլանտյան հզոր կապերի նման կապեր անհրաժեշտ է ստեղծել նաև ասիական պետությունների հետ»:
Պեկինի «Ցինխուա» համալսարանի տնտեսագիտության դասախոս Պատրիկ Խովանեցը հայտնել է «Ամերիկիայի Ձայն»-ին, որ ԱՄՆ-ի արտգործնախարարի կայանալիք ելույթի բովանդակությունը վկայում է այն մասին, որ Միացյալ Նահանգները գնալով է՛լ ավելի մեծ ուշադրություն է ուղղելու Ասիայում տեղի ունեցող զարգացումների վրա՝ մասնավորապես հաշվի առնելով Չինաստանի տնտեսական հզորության զարգացումն ու խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում այս պետության կողմից ներկայացվող տարածքային պահանջները:
Նյու Յորքի տնտեսական ակումբում ուրբաթ օրը կայանալիք իր ելույթի ընթացքում Քլինթընը կանդրադառնա նաև Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին: Քլինթընի համաձայն, «արաբական պետություններում քաղաքական գիտակցության զարթոնքը պետք է դառնա նաև տնտեսական զարթոնքի շրջան»: