Մատչելի հղումներ

Քլինթընը հայտնել է «աշխատատեղերի դիվանագիտության» մեկնարկի մասին


Քլինթընը հայտնել է «աշխատատեղերի դիվանագիտության» մեկնարկի մասին

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը երկրի տնտեսությունը վերականգնելու նպատակով փորձում է ներգրավել օտարերկրյա լրացուցիչ ներդրումներ՝ միաժամանակ կոչ անելով ամերիկյան ընկերություններին ավելացնել միջազգային շուկաներում իրենց բաժնեմասը:

ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընի համաձայն, այս քաղաքականության հիմքում ընկած դրդապատճառները բավականին պարզ են՝ Ամերիկայի ժողովրդին աշխատատեղեր են պահանջվում: Արտգործնախարարը նշել է նաև, որ Հարավային Կորեայի, Կոլումբիայի և Պանամայի հետ ազատ առևտրի մասին կնքված պայմանագրերը թույլ կտան Միացյալ Նահանգների մոտակա հինգ տարվա ընթացքում կրկնապատկել արտահանումը և նպաստել, որ Վաշինգտոնը հետ չմնա զարգացող պետությունների տնտեսություններից:

Քլինթընը, հանդես գալով գլոբալ գործարարությանը նվիրված համաժողովում, ասել է, որ «21-րդ դարում Միացյալ Նահանգների հզորությունը կախված է լինելու ոչ միայն զինուժի հզորությունից, այլև երկրում արտադրվող սննդամթերքից և նորարարական ապրանքներից, ինչպես նաև այդ ապրանքների արդյունավետ վաճառքից»:

«Տնտեսական աճող պետությունները՝ Չինաստանը, Հնդկաստանն ու Բրազիլիան, լավ են հասկանում դա. այդ պատճառով մենք չպետք է կողքի կանգնենք, երբ այս պետություններն իրենց արտաքին քաղաքականությունը կենտրոնացնում են տնտեսական հարցերի վրա», - ասել է Քլինթընը:

ԱՄՆ-ի արտգործնախարարը շեշտել է, որ «աշխատատեղերի դիվանագիտությունը» ներառում է դեպի ԱՄՆ օտարերկրյա նոր ներդրումների ներգրավումը և արտասահմանում ամերիկյան արտադրանքի վաճառքների ծավալի ավելացումը, ինչպես նաև այլ պետություններում ամերիկյան ընկերությունների հավասար մրցակցության համար արդար պայմանների ստեղծումը:

Նման պայմանների ստեղծման մաս, ըստ Քլինթընի, կազմում են կաշառակերության, տեխնոլոգիաների փոխանցման, մտավոր սեփականության և պետական ընկերությունների համար նախապատվության դեմ պայքարը: Այդ ամենն անհրաժեշտ է միջազգային տնտեսական համակարգում արդարությունն ու թափանցիկությունը ապահովելու համար:

ԱՄՆ-ի արտգործնախարարը շեշտել է նաև, որ մրցակիցների կողմից «խաղի կանոնները» խախտելու դեպքում Միացյալ Նահանգների իշխանությունները կարձագանքեն նման խախտումներին:

XS
SM
MD
LG