Մատչելի հղումներ

Քլինթըն. «Բենգազիի հարձակումը Աֆրիկայում առկա ավելի լայն խնդրի մաս է կազմում»


Քլինթըն. «Դիվանագետներն ընդունում են իրենց աշխատանքում առկա ռիսկի աստիճանը և չեն կարող գործել բունկերներից»

ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընի համաձայն, անցյալ տարվա սեպտեմբերին Լիբիայի Բենգազի քաղաքում գտնվող Միացյալ Նահանգների հյուպատոսության ուղղությամբ իրականացված հարձակումը Հյուսիսային Աֆրիկայում ահաբեկչության ավելացող վտանգի մաս է կազմում:

Այս հայտարարությամբ արտգործնախարար Քլինթընը հանդես է եկել չորեքշաբթի օրը՝ ԱՄՆ-ի Կոնգրեսին ներկայացնելով իր վկայություններն այն մասին, թե ինչ է արվում՝ նման հարձակումներն ապագայում կանխելու համար:

Քլինթընն ասել է, որ Բենգազիում ԱՄՆ-ի դեսպանի և երեք այլ աշխատողի մահվան պատճառը դարձած դիվանագիտական ներկայացուցչության ուղղությամբ իրականացված հարձակումը ահաբեկչության դեմ պայքարում ռազմավարական ավելի լայն մարտահրավերի մաս է կազմում:

«Արաբական պետություններում իրականացված հեղափոխությունները խարխլել են իշխանության դինամիկան, ինչպես նաև ամբողջ տարածաշրջանի անվտանգության ուժերը», - ասել է Քլինթընը՝ հավելելով. «Մալիում անկայությունն իր հերթին ավելացրել է այն ահաբեկիչների կողմից որպես «ապահով ապաստան» օգտագործվող վայրերի թիվը, որոնք ցանկանում են ընդլայնել իրեն ազդեցությունը և ծրագրել անցյալ շաբաթ Ալժիրում իրականացված հարձակումներին նման գործողություններ»:

ԱՄՆ-ի արտգործնախարարը հայտնել է օրենսդիրներին, թե ընդունել է Հաշվետվողականության ուսումնասիրության խորհրդի բոլոր առաջարկությունները, որոնց 85 տոկոսի իրականացումը կավարտվի մինչև այս տարվա մարտի վերջ:

Սենատոր Ջոն ՄըքՔեյնը սակայն «անընդունելի» է անվանել Քլինթընի վկայությունները: Նա ասել է, որ Ամերիկայի ժողովուրդն արժանի է պատասխաններ իմանալուն, և արժանի չէ կեղծ պատասխանների:

«Իսկ Ամերիկայի ժողովրդին անցյալ տարվա սեպտեմբերի 15-ին ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանի կողմից տրված պատասխանները կեղծ էին», - ասել է ՄըքՔեյնը՝ հավելելով. «Անկեղծ ասած, այսօր Ձեր կողմից տրված պատասխանները, իմ կարծիքով, բավարար չեն»:

Արձագանքելով ՄըքՔեյնի հայտարարության՝ Քլինթընն ասել է, թե առավել կարևոր է պատասխանատվության ենթարկել մեղավորներին, քան որոշել վերջիններիս դրդապատճառները:

«Մեր խնդիրը կայանում է նրանում, որպեսզի որոշենք, թե ինչ է տեղի ունեցել, և անենք ամեն ինչ, որպեսզի նման բան այլևս երբեք չկրկնվի», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարը՝ նշելով այնուամենայնիվ, որ չնայած օտարերկրյա պետություններում Միացյալ Նահանգների դիվանագետների անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերի՝ դիվանագետներն ընդունում են իրենց աշխատանքում առկա ռիսկի աստիճանը և «չեն կարող գործել բունկերներից»:
XS
SM
MD
LG