ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը հորդորել է Չինաստանին բարձրացնել իր արժույթի՝ յուանի արժեքը և կոչ է արել այս երկրին հեռացնել ազատ առևտրի ճանապարհին առկա խոչընդոտները, ինչպես նաև ձեռնարկել մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի բարելավմանն ուղղված քայլեր:
Այս հայտարարությամբ Միացյալ Նահանգների արտգործնախարարը հանդես է եկել հինգշաբթի օրը՝ ելույթ ունենալով Հավայի նահանգում գտնվող Արևելք-արևմուտք կենտրոնում, որտեղ կայացել է Ասիա-խաղաղօվկիանոսյան պետությունների առաջնորդների գագաթաժողով:
Արտգործնախարար Քլինթընն իր խոսքում, որի ընթացքում ինքն անդրադարձել է հարցերի լայն շրջանակին, նշել է, որ նման փոփոխությունների իրականացումն կստեղծի կայունության և աճի առավել ամուր հիմքեր ինչպես Չինաստանի, այնպես էլ աշխարհի բոլոր այլ երկրների համար:
Քլինթընը նշել է, որ ամերիկյան ընկերությունները ցանկանում են արտահանել իրենց արտադրանքը Չինաստանի շուկաներ և պահանջում են ստեղծել մրցակցության հավասար պայմաններ ՝ հավելելով, որ Չինաստանի ընկերությունները ցանկանում են ավելացնել Միացյալ Նահանգներում բարձր տեխնոլոգիական արտադրանքի գնման ծավալները, ԱՄՆ-ում կատարել ավելի շատ ներդրումներ և օգտվել շուկա մուտք գործելու նույն պայմաններից, ինչ տրամադրվում են շուկայական տնտեսությամբ պետությունների ընկերություններին:
ԱՄՆ-ի արտգործնախարարը վերջերս հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի Չինաստանը դիտավորյալ կերպով ցածր է պահում իր դրամի փոխարժեքը, որի արդյունքում արտահանման ծավալների ավելացման պատճառով այս երկիրը կարողացել է կուտակել աշխարհի պատմության մեջ գրանցված առևտրային ամենամեծ ավելցուկը՝ վնաս պատճառելով ոչ միայն Միացյալ Նահանգներին, այլև ամենամեծ տնտեսություններ ունեցող այլ պետություններին: Նա մեղադրել է Չինաստանին առևտրի համաշխարհային համակարգի հետ «խաղ վարելու» փորձեր կատարելու մեջ:
Իր խոսքում արտգործնախարար Քլինթընը բարձրաձայնել է նաև Միացյալ Նահանգների անհանգստությունը Չինաստանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի հետ՝ անդրադառնալով Տիբեթում երիտասարդների կողմից վերջերս տեղի ունեցող ինքնահրկիզման բազմաթիվ դեպքերի:
Քլինթընն ասել է, որ այս դեպքերը բողոքի արտահայտման միջոց են և հորդորել Չինաստանին «ընտրել այլ ուղի»:
Հիշեցնենք, որ այս շաբաթվա սկզբին Դալայ լաման Չինաստանի կողմից իրականացվող անզիջում քաղաքականությունը «մշակութային ցեղասպանություն» է անվանել՝ ասելով, որ այն ստիպում է Տիբեթի կուսակրոն հոգևորականներին և միանձնուհիներին դիմել ինքնահրկիզման:
Վտարման մեջ գտնվող Տիբեթի հոգևոր առաջնորդն ասել է, որ անցյալ 10-ից 15 տարիների ընթացքում այս տարածքը վերահսկելու նպատակով այնտեղ գործուղվել են Չինաստանի ամենածայրահեղ քաղաքականության կողմնակից պաշտոնատար անձինք, ինչը նույնպես նպաստել է կուսակրոն հոգևորականների և միանձնուհիների կողմից ծայրահեղ միջոցների դիմելու հանգամանքին:
Ինքնահրկիզումների դեպքերը հիմնականում տեղի են ունենում Չինաստանի Սիչուան նահանգում գտնվող Քիրթի վանքում և դրա շրջակայքում, որտեղ նման դեպքերն առաջին անգամ գրանցվել են այս տարվա մարտ ամսին:
Չինաստանի իշխանությունները մեղադրել են Դալայ լամային ինքնահրկիզումները քաջալերելու մեջ՝ նշելով, որ, ի տարբերություն անցյալում տեղի ունեցած նման դեպքերի, այս անգամ Դալայ լաման չի դատապարտել ծայրահեղ այս քայլերը:
Սիչուան նահանգում տեղ գտած ինքնահրկիզման դեպքերին ի պատասխան Չինաստանի իշխանությունները դիմել են բռնի գործողությունների՝ փողոցներ դուրս բերելով անվտանգության ուժերի զինված ծառայողներ և ստիպելով կուսակրոն հոգևորականներին և միանձնուհիներին անցնելու վերապատրաստման ծրագրեր: