Շանհայում ԱՄՆ պետքարտուղար Քլինթընը կարևորեց ամերիկյան ընկերությունների մուտքը Չինաստանի տնտեսություն և կոչ արեց Չինաստանի կառավությանը ապահովել պայմանագրերի և կարգավորման թափանցիկություն:
Պեկինում կայանալիք Ռազմավարական և տնտեսական երկխոսության մեկնելուց առաջ պետքարտուղար Քլինթընը Շանհայում կարևորեց չինական և միջազգային ընկերությունների համար մրցակցության հավասար ազատ և բաց դաշտի ապահովումը:
Ակնկալվում է, որ Պեկինում կքննարկվեն տնտեսական հարցեր, ինչպես նաև Հարավային Կորեայի ռազմանավի սուզման խնդիրը:
Քլինթընը ռազմանավի սուզման մեջ մեղադրել է Հյուսիսային Կորեային` զգուշացնելով, որ “սադրիչ գործողություններն անպատասխան չեն մնում”:
Հյուսիսային Կորեան հերքել է միջադեպի հանդեպ պատասխանատվությունը և խոստացել ցանկացած հակահարվածի արձագանքել “լայնածավալ պատերազմով”:
Շրջելով Շանհայի Համաշխարհային ցուցահանդեսում` Քլինթընը արջուկ խաղալիքներ նվիրեց չինացի դպրոցականներին:
Նա նշեց, որ գուցե ԱՄՆ-ը և Չինաստանը տարաձայնություններ ունեն, սակայն երկու երկրները չպետք է բաց թողնեն որևէ հնարավորություն` ընդհանուր հիմքեր ստեղծելու համար:
Պեկինում տնտեսական խորհրդակցություններում հատուկ ուշադրություն կդարձվի Չինաստանի արժույթի խնդրին: ԱՄՆ-ը Չինաստանին մեղադրում է յուանի արժեքն արհեստականորեն ցածր պահելու համար, որպեսզի Չինաստանի արտահանումը համաշխարհային շուկայում ավելի գրավիչ լինի: Չինաստանը մերժում է նման մեղադրանքները: