Աստանայում անցկացվող ԵԱՀԿ-ի գագաթաժողովի ընթացքում ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը կոչ է արել բարձրացնել ԵԱՀԿ-ի դերակատարությունը տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման և մարդու իրավունքների ապահովման գործում:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին` ԱՄՆ-ի արտգործնախարարն ասել է. «Մենք պետք է շարունակենք ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ուղղությամբ` հիմք ընդունելով Մինսկի խմբի գլխավորությամբ մշակված սկզբունքները: Թույլ տվեք ևս մեկ անգամ Մինսկի խմբի համանախագահ երկրների անունից կրկնել, որ յուրաքանչյուր արդարացի և երկարատև խաղաղություն պետք է հիմնված լինի Հելսինկյան սկզբունքների, ինչպես նաև նախագահներ Մեդվեդևի, Սարկոզիի և Օբամայի կողմից 2009 թվականի հուլիսի 10-ին Լ'Աքվիլայում և 2010 թվականի հունիսի 26-ին Մուսկոկայում ընդունված վեց կետերի վրա:
Առաջարկված կետերն ընդունվել են որպես միասնական ամբողջականություն, որոշ կետերին մյուսների նկատմամբ նախապատվություն տալու փորձերը անհնարին են դարձնում հավասարակշռված լուծման հասնելը», - իր խոսքում նշել է Հիլարի Քլինթընը: