Մատչելի հղումներ

Քլինթընը Հայաստանում խոսելու է տարածքներն Ադրբեջանին վերադարձնելու հարցի շուրջ


Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երկուշաբթի օրը ժամանեց Երեւան։ ԱՄՆ-ի պետդեպարտամենտում ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի մշտական թղթակից Սկոթ Ստըրնը, որն ուղեկցում է Քլինթընին մի քանի երկրներ կատարած նրա ուղեւորության ընթացքում, մեզ հետ ինտերնետային զրույցում, երբ ընթանում էր Քլինթընի եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի միջեւ հանդիպումը, նախագահական պալատի բակից հաղորդեց, որ բանակցությունները կենտրոնացել են երկու երկրների միջեւ տնտեսական, քաղաքական ու անվտանգության հարցերի վրա։ Նախագահ Բարաք Օբաման, նրա խոսքերով, մեծ տեղ է տալիս Հայաստանի հետ կապերին՝ հաշվի առնելով նաեւ Ամերիկայում հայկական մեծ համայնքի գոյությունը։

Մեր թղթակիցը, օդանավում զրուցել է Քլինթընին ուղեկցող պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ովքեր տեղեկացրել են, որ նախագահական պալատում խոսք է գնալու Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքները Ադրբեջանին վերադարձնելու հարցի շուրջ։ Նրանք ՝՝ առանց Լեռնային Ղարաբաղը նշելու, շատ հստակ կերպով խոսել են տարածքները Ադրբեջանին վերադարձնելու համար հիմնարար սկզբունքներ հաստատելու պահանջի մասին՛՛, ասաց Սկոթ Ստըրնը։

Ի տարբերություն Վրաստան կատարելիք այցի, որտեղ ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է ունենալու նաեւ ընդդիմության ներկայացուցիչների հետ, Հայաստանում անցկացնելու է միայն 5 ժամ եւ հանդիպումներ չի ունենա ընդդիմության հետ ու չի ունենա նաեւ Ծիծեռնակաբերդի հուշարձան այց կատարելու ժամանակ։

Քլինթընը, ըստ ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի թղթակցի, Հայաստանում ու հատկապես Թուրքիայում խոսելու է երկու երկրների միջեւ հարաբերությունները բարելավելու կարեւորության մասին։ Նրա խոսքերով, ինչպես օդանավում են իրեն ասել պետքարտուղարության պաշտոնյաները, գնդակը Թուրքիայի դաշտում է, եւ այժմ կարեւոր քայլ կատարելու պարտավորությունը՝ դրված Անկարայի վրա։

Հիշեցնենք, որ սա պետքարտուղարի պաշտոնում Հիլարի Քլինթոնի արդեն երկրորդ այցն է Հայաստան։

XS
SM
MD
LG