Մատչելի հղումներ

Քլինթընը սկսել է շրջագայություն աֆրիկյան պետություններում


ԱՄՆ-ի արտգործնախարարի այս շրջագայությունը գնահատվում է որպես Աֆրիկայում Չինաստանի ազդեցությանը դիմակայելու փորձ

ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը Սենագալ կատարած այցով մեկնարկել է իր շրջագայությունն Աֆրիկայի պետություններում:

Վերլուծաբանների համաձայն, Քլինթընի այս շրջագայությունը ռեսուրսներով հարուստ մայրցամաքում Չինաստանի ազդեցությունը նվազեցնելու նպատակ է հետապնդում:

Ըստ Միացյալ Նահանգների արտգործնախարարության, տասնօրյա շրջագայության ընթացքում արտգործնախարար Քլինթընը ներկայացնելու է աֆրիկյան պետություններում ժողովրդավարությանը նոր թափ հաղորդելու, տնտեսական աճին նպաստելու և խաղաղությունն ու անվտանգությունը ամրապնդելու ԱՄՆ-ի ծրագրերը:

Վերլուծաբանները սակայն, ներառյալ Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Էմիլիո Վիանոյը, հայտնել են «Ամերիկայի Ձայն»-ին, որ ամերիկյան ռազմավարության տարրերից մեկը ներառում է Աֆրիկայում Չինաստանի դերակատարությանը հակազդելուն ուղղված միջոցառումները:

Չինաստանի իշխանություններն անցյալ ամիս հանդես էին եկել արագ զարգացող Աֆրիկայում զանգվածային նոր ներդրումներ կատարելու ծրագրի մասին հայտարարությամբ: Ըստ վերլուծաբանի, «Չինաստանը որոնում է բնական ռեսուրսների հուսալի նոր աղբյուրներ, հետևաբար զգալի ներկայություն ունի մայրցամաքի պետություններից շատերում: Այս հանգամանքն անհանգստացնում է Միացյալ Նահանգներին նախ և առաջ Աֆրիկայում մրցակցի հայտնվելու պատճառով»:

Պեկինում Չինաստանի և աֆրիկյան պետությունների միջև այս տարվա հուլիս ամսին անցկացված գագաթաժողովի ընթացքում Չինաստանը խոստացել է գալիք երեք տարվա ընթացքում 20 միլիարդ դոլար ծավալով նոր վարկեր տրամադրել մայրցամաքի պետություններին՝ երկու անգամ ավելացնելով նախորդ երեք տարվա ընթացքում կատարված ներդրումների ծավալը: Չինաստանի և Աֆրիկայի պետությունների միջև առևտրի ծավալներն անցյալ տարի հասել էին ռեկորդային՝ 166 միլիարդ դոլար ցուցանիշի:

Ըստ պրոֆեսոր Վիանոյի, Վաշինգտոնը ցանկանում է պահպանել Աֆրիկայում առկա գործարար կարևոր շահերը:

«ԱՄՆ-ը ցանկանում է օգտագործել [արտգործնախարարի] այս այցը որպես Չինաստանի ազդեցությունը սահմանափակելուն ուղղված քայլ: Դա իհարկե չի կատարվելու բացեիբաց, այլ իրականացվելու է դիվանագիտության միջոցով՝ առանց անունները բացահայտելու. այնուամենայնիվ, Աֆրիկայի պետությունների ղեկավարները կնախազգուշացվեն Չինաստանի հետ գործարքներ հեշտությամբ չկնքելու անհրաժեշտության մասին», - ասել է վերլուծաբանը:
XS
SM
MD
LG