Մատչելի հղումներ

Վարշավայում մեկնարկել են կլիմայի փոփոխություններին նվիրված բանակցությունները


ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի գործադիր քարտուղար. «Եկել է ապագա սերունդների համար կլիմայական բարձր անվտանգությունը երաշխավորելու ժամանակը»

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում երկուշաբթի օրը մեկնարկել են կլիմայի փոփոխություններին նվիրված բանակցությունները, որոնց մասնակցում են աշխարհի տարբեր պետությունների և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում գործող կազմակերպությունների հազարավոր պատվիրակներ:

ՄԱԿ-ի կողմից կազմակերպված 12-օրյա համաժողովի բացմանն ընդառաջ հնչեցվել են բազմաթիվ նախազգուշացումներ գլոբալ տաքացման վտանգների մասին, որոնք կարող են իրականություն դառնալ այն դեպքում, եթե մարդկությունը չնվազեցնի հանածո վառելիքի օգտագործման արդյունքում առաջացող՝ մթնոլորտային օդն աղտոտող արտանետումները:

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի գործադիր քարտուղար Քրիստիանա Ֆիգուերեսը բանակցությունների բացման ժամանակ նշել է, որ եկել է ապագա սերունդների համար կլիմայական բարձր անվտանգությունը երաշխավորելու ժամանակը:

Սպասվում է, որ Վարշավայում անցկացվող բանակցությունների արդյունքները կարող են ընձեռել 2015 թվականին գլոբալ տաքացման շուրջ պայմանագիր կնքելու հնարավորություն:

ՄԱԿ-ի օդերևութաբանական գործակալությունը՝ Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունն այս ամսվա սկզբին տեղեկացրել է, որ ջերմոցային հիմնական երեք գազերի պարունակությունը մթնոլորտում 2012 թվականին հասել էր ռեկորդային մակարդակների:

Կազմակերպության համաձայն, մթնոլորտում ածխածնի երկօքսիդի, մեթանի և ազոտային օքսիդի պարունակությունը գերազանցել է նախկինում գրանցված առավելագույն մակարդակները, ինչը նվազեցնում է գլոբալ տաքացումը նախաարդյունաբերական շրջանի մակարդակից երկու աստիճան ավելացմամբ սահմանափակելու ՄԱԿ-ի կողմից նախանշված նպատակին հասնելու հնարավորությունը:
XS
SM
MD
LG