Մատչելի հղումներ

Նոր զոհեր Սիրիայում՝ բախումների պատճառով


Նոր զոհեր Սիրիայում՝ բախումների պատճառով

Սիրիայի իրավապաշտպանների համաձայն, երկրի կենտրոնում գտնվող Համա քաղաքի մոտակայքում կառավարական ուժերի հետ բախումների պատճառով զոհվել է չորս մարդ:

Այս երկրում չորեքշաբթի օրը բախումները տեղի են ունեցել այն ընթացքում, երբ Արաբական պետությունների լիգայի դիտորդներից մեկը հայտնել է Սիրիայի կառավարության կողմից ընդդիմության նկատմամբ բռնությունների դադարեցման մասին պայմանավորվածության կատարմանը հետևող դիտորդական առաքելությունից հրաժարվելու մասին:

«Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության տված հարցազրույցում դիտորդ Անվեր Մալեքը հայտնել է, որ Սիրիայում իրականացվող դիտորդական առաքելությունը «խաբեություն» է, և որ Սիրիայի կառավարությունը «կեղծել է գրեթե այն ամենը, ինչ տեսել են դիտորդները»:

Միացյալ Նահանգները քննադատել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասսադի ելույթը, որով վերջինս հանդես է եկել երեքշաբթի օրը:

Իր ելույթում Սիրիայի նախագահը երկրում արդեն տասը ամիս տևող խռովությունների մեջ է մեղադրել «արտասահմանից իրականացվող միջամտությունը» և խոստացել «երկաթե բռունցքով ճնշել ահաբեկիչներին»:

ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդն այս կապակցությամբ ասել է, որ նախագահ Ասսադն օգտագործել է իր ելույթը՝ փորձելով «շեղել իր ժողովրդի ուշադրությունը բռնությունները դադարեցնելու մասին իր իսկ տված խոստումը չկատարելուց»:

Արտգործնախարարության խոսնակ Նուլանդն ասել է, թե «իր երկրում ստեղծված իրավիճակի համար Ասսադը մեղադրել է օտարերկրյա պետությունների կողմից իրականացվող դավադրությունը, որն այժմ այնքան լայնածավալ է, որ ընդգրկում է Արաբական պետությունների լիգան, Սիրիայի ընդդիմությունը և միջազգային ողջ համայնքը»:

«Սիրիայի նախագահը կտրականապես հերքում է իր անվտանգության ուժերի դերը երկրում տեղի ունեցող բռնությունների իրականացման մեջ», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակը:

XS
SM
MD
LG