Մատչելի հղումներ

Բազմաթիվ զոհեր Կիևում՝ ցուցարարների և ոստիկանության միջև նոր բախումների հետևանքով


ԱՄՆ-ի Սպիտակ տունը, բացի այդ, հորդորել է Ուկրաինայի զինված ուժերը «չմիջամտել այն հակամարտությանը, որը հնարավոր է և պետք է լուծել քաղաքական միջոցներով»

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում հինգշաբթի օրը ցուցարարների և ոստիկանության ուժերի միջև տեղի ունեցած բախումների հետևանքով, ականատեսների վկայությամբ, զոհվել է առնվազն 33 մարդ:

Ցուցարարներին օգնություն տրամադրող բժիշկները սակայն պնդում են, որ հինգշաբթի օրը Կիևի կենտրոնում տեղի ունեցած բռնությունների զոհ է գնացել ավելի քան 70 մարդ, որոնցից շատերը սպանվել են կառավարական ուժերի կողմից կիրառվող դիպուկահարների կրակոցներից:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը նույն օրը հաղորդել է, որ հինգշաբթի օրը զոհվել է ոստիկանության երեք ծառայող:

Ներքին գործերի նախարարության համաձայն, օրվա ընթացքում հիվանդանոց է տեղափոխվել ոստիկանության 50 ծառայող, որոնցից 30-ի ստացել էին հրազենային վնասվածքներ:

Հակակառավարական ցուցարարները, ըստ Ուկրաինայի ոստիկանության հաղորդագրության, պատանդ են վերցրել ոստիկանության 67 ծառայողի:

Կիևի կենտրոնում ոստիկանության և ցուցարարների միջև ցուցարարների ճամբարում նախօրեին տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել էր 28 մարդ:

ԱՄՆ-ի Սպիտակ տան կողմից հինգշաբթի օրը հրապարակված հաղորդագրության մեջ ասված է, որ Միացյալ Նահանգների վարչակազմի «զայրույթն են առաջացրել Ուկրաինայի անվտանգության ուժերի կողմից իր սեփական ժողովրդի ուղղությամբ ինքնաձիգներից կրակ բացելու պատկերները»:

Սպիտակ տունը հորդորել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին «անմիջապես հետ քաշել իրեն հավատարիմ անվտանգության ուժերը Կիևի կենտրոնից և հարգել բողոքի խաղաղ ցույցի իրավունքը», և միաժամանակ կոչ է արել ցուցարարներին «արտահայտել իրենց բողոքը խաղաղ միջոցներով»:

ԱՄՆ-ի Սպիտակ տունը, բացի այդ, հորդորել է Ուկրաինայի զինված ուժերը «չմիջամտել այն հակամարտությանը, որը հնարավոր է և պետք է լուծել քաղաքական միջոցներով»:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հինգշաբթի օրը տեղեկացրել է, որ ոստիկանության ծառայողներին տրվել է մարտական զենք՝ պաշտպանելու համար խաղաղ բնակչությանն ու գույքը հարձակումներից, ինչպես նաև անձնական անվտանգության ապահովման համար: Նախարարության հայտարարության մեջ Կիևում ցուցարարների շարքերում առկա «ծայրահեղականներին» կոչ է արվել վայր դնել զենքը, իսկ ընդդիմության առաջնորդներին՝ «հայտարարել ծայրահեղականների հետ իրենց կապերը խզելու մասին»:

Կիևում հինգշաբթի օրը բռնությունները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ Եվրոպական Միության անդամ երեք պետությունների արտգործնախարարները հանդիպում էին անցկացնում երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ, որի ընթացքում քննարկվում էր երկրում ծավալված ճգնաժամը:

Եվրամիությունը հինգշաբթի օրը Բրյուսելում անցկացրել է արտակարգ հանդիպում՝ Ուկրաինայում տեղի ունեցող խռովությունների մեջ մեղավորների նկատմամբ պատժամիջոցների ընդունման հնարավորությունը քննարկելու նպատակով:
XS
SM
MD
LG