Մատչելի հղումներ

Բախումներ Կահիրեում՝ զինված ուժերի և Մորսիի կողմնակիցների միջև


Մորսիի կողմնակիցների և զինված ուժերի միջև բախումների մասին հաղորդագրություններ են ստացվել նաև երկրի այլ բնակավայրերից

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում զինված ուժերի և երկրի պաշտոնանկ արված նախագահ Մոհամեդ Մորսիի կողմնակիցների միջև տեղի են ունեցել բախումներ, որոնց ընթացքում, ըստ հաղորդագրությունների, լսվել են կրակոցներ:

Ականատեսների վկայությունների համաձայն, զինված ուժերի ծառայողներն ուրբաթ օրը կրակ են բացել Մորսիի այն կողմնակիցների ուղղությամբ, որոնք փորձել են երթով անցնել Եգիպտոսի պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի ուղղությամբ: Ականատեսները հայտնել են գետնի վրա արյունոտված մարմիններ տեսնելու մասին:

Մորսիի կողմնակիցների և զինված ուժերի միջև բախումների մասին հաղորդագրություններ են ստացվել նաև երկրի այլ բնակավայրերից:

Կահիրեից դեպի հյուսիս գտնվող Զագազիգ քաղաքում պաշտոնանկ արված նախագահ Մորսիի և նրա ընդդիմախոսների տեղի ունեցել բախումներ, որոնց մասնակիցները, ըստ հաղորդագրությունների, կիրառել են հրազեն և քարեր նետել միմյանց ուղղությամբ: Քաղաք են ուղարկվել զինված ուժերի ստորաբաժանումներ՝ վիճակը վերահսկողության տակ վերցնելու նպատակով:

Զինված ուժերն ավելի վաղ հաշտեցման կոչով էին հանդես եկել և հերքել «Մահմեդական եղբայրության» դեմ վրեժխնդրություն լուծելու մասին մտահոգությունները: Ըստ երկրի բանակի խոսնակի, կամայական որևէ գործողություն չի ձեռնարկվելու քաղաքական որևէ խմբի նկատմամբ:

«Մահմեդական եղբայրությունը» խիստ քննադատության է ենթարկել զինված ուժերը՝ խմբավորման պաշտոնական հեռուստաալիքն ու օրաթերթը, ինչպես նաև իսլամիստական մի քանի այլ ԶԼՄ-եր փակելու համար՝ նշելով, որ այս քայլերը Եգիպտոսը վերադարձնում են «ճնշող գործելակերպի, բռնապետության և կոռուպցիայի դարաշրջան»:

Եգիպտոսի դատական մարմինների պաշտոնյաները հայտնել են, որ գալիք շաբաթ նախատեսում են հետաքննություն հարուցել Մորսիի և «Մահմեդական եղբայրության» նկատմամբ՝ «դատական մարմիններին վիրավորանք հասցնելու» մեղադրանքներով:
XS
SM
MD
LG