Մատչելի հղումներ

Չնայած ՄԱԿ-ի նախազգուշացմանը՝ բախումները Սիրիայում շարունակվում են


Սիրիայի ընդդիմադիր կազմակերպությունները հայտնել են երկրի մի քանի շրջաններում ուրբաթ օրը բռնկված նոր բախումների մասին:

«Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպության համաձայն, կառավարական ստորաբաժանումները և ընդդիմադիր ուժերը մարտեր են վարում Դամասկոսի մի քանի արվարձաններում, որոնց հետևանքով զոհվել է երեք զինծառայող:

Կազմակերպությունը հայտնել է նաև, որ բախումներ են բռնկվել Հոմսի կենտրոնական շրջանում, երբ կառավարությանը հավատարիմ զինված ստորաբաժանումները կրակ են բացել մի խումբ կանանց ուղղությամբ, որի պատճառով զոհվել է երկու, վնասվածքներ ստացել՝ չորս կին:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը հինգշաբթի օրը նշել է, որ Սիրիայում բախումները գնալով սաստկանում են, իսկ կառավարական ուժերի կողմից քաղաքացիական անձանց ուղղությամբ հարձակումները չեն դադարեցվել նույնիսկ այն բանից հետ, երբ Դամասկոսը վստահեցրել է երկրի գլխավոր քաղաքներից զինված ստորաբաժանումների դուրսբերումը սկսելու մասին:

Բան Կի-մունի համաձայն, «Սիրիայի քաղաքները և գյուղերը վերածվել են պատերազմական գոտու», և հորդորել է երկրի նախագահ Բաշար ալ-Ասադին պահպանել մինչև ապրիլի 10-ը բռնությունները դադարեցնելու իր խոստումը:

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, ներառյալ Ռուսաստանն ու Չինաստանը, հինգշաբթի օրն ընդունել է «նախագահի հայտարարություն», որտեղ Սիրիայի իշխանություններին կոչ է արվել մինչև զինադադարի վերջնաժամկետը իրականացնել բռնությունների դադարեցման ուղղված կոնկրետ քայլեր:

ՄԱԿ-ում Սիրիայի դեսպան Բաշար Ջաֆարին սակայն նշել է, որ ՄԱԿ-ի ու Արաբական պետությունների լիգայի խաղաղության հանձնակատար Քոֆի Անանի ծրագրի իրականացմանը վտանգ է սպառնում ոչ թե իր երկրի կառավարության, այլ Սաուդյան Արաբիայի, Քաթարի և Թուրքիայի նման պետությունների կողմից, որոնց նա մեղադրել է Սիրիայում զինյալներին սպառազինության և ֆինանսական միջոցների տրամադրման մեջ:

XS
SM
MD
LG