Մատչելի հղումներ

«ԿՀՎ-ը փորձել էր փրկել Լիբիայում հարձակման ենթարկված դիվանագետներին»


Լիբիայի Բենգազի քաղաքում հարձակման ենթարկված ԱՄՆ-ի հյուպատոսություն (արխիվային լուսանկար)
Լիբիայի Բենգազի քաղաքում հարձակման ենթարկված ԱՄՆ-ի հյուպատոսություն (արխիվային լուսանկար)

Հետախուզության ոլորտի պաշտոնյաների համաձայն, արձագանքը եղել էր «հնարավորինս արագ և արդյունավետ»

ԱՄՆ-ի հետախուզության ոլորտի պաշտոնյաները հրապարակել են այս տարվա սեպտեմբերի 11-ին Լիբիայի Բենգազի քաղաքում Միացյալ Նահանգների հյուպատոսության ուղղությամբ իրականացված հարձակման մանրամասն ժամանակացույցը: ԿՀՎ-ի կողմից տրամադրված տեղեկությունները հրապարակվել են՝ ի պատասխան հարձակումը կանխելու համար բավարար ջանքեր չգործադրելու մեղադրանքների:

Հետախուզության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք չեն ցանկացել հրապարակել իրենց անունները, հայտնել են լրագրողներին, որ ԿՀՎ-ի փրկարար ջոկատն իր տեղակայման վայրից դուրս էր եկել դեպի Բենգազիում գտնվող հյուպատոսություն հարձակման մասին տեղեկություններ ստանալուց հետո 25 րոպեի ընթացքում:

Պաշտոնյաների համաձայն, վեց անձից բաղկացած այս խումբը չէր կարողացել 25 րոպեից շուտ դեպքի վայր հասնել, քանի որ Լիբիայի զինված ջոկատները չէին արձագանքել ԿՀՎ-ի փրկարար ջոկատի կողմից ծանր զենքով աջակցություն ցուցաբերելու խնդրանքին, ինչպես նաև հյուպատոսության շենքին մոտենալու ժամանակ ջոկատի ուղղությամբ բացված կրակի պատճառով:

Ըստ հաղորդագրության, ԿՀՎ-ի ջոկատը մեկ ժամ էր անցկացրել հյուպատոսության շենքում, որից հետո լքել էր այն՝ էվակուացնելով բոլոր ամերիկացիներին՝ բացի ԱՄՆ-ի սպանված դեսպանից, որն արդեն տեղափոխվել էր մոտակա հիվանդանոց:

ԿՀՎ-ն ավելի վաղ հերքել է «Ֆոքս Նյուզ» հեռուստաալիքի կողմից հրապարակված տեղեկությունները, որոնց համաձայն գործակալության ծառայողները հրաման էին ստացել «չդիմել որևէ գործողության» այն ընթացքում, երբ նրանք ցանկանում էին շարժվել դեպի Բենգազիում ԱՄՆ-ի հյուպատոսություն՝ հարձակումը հետ մղելու համար: Հետախուզության ոլորտի պաշտոնյաների համաձայն, արձագանքը եղել էր «հնարավորինս արագ և արդյունավետ»: Պաշտոնյաները սակայն նշել են, որ հյուպատոսությունում գտնվող մարդկանց էվակուացման աշխատանքներն իրականացվել էին ուշացումով:

ԱՄՆ-ի հանրապետականներից շատերը պնդում են, որ նախագահ Օբամայի վարչակազմը Բենգազիի հյուպատոսությունում բավարար պաշտպանվածություն չի ապահովել՝ չնայած քաղաքում իրավիճակի վատթարացման և հարձակման բարձր հնարավորության առկայության մասին ստացված հաղորդագրությունների:

Հետախուզության ոլորտի պաշտոնյաները նշել են, թե ԱՄՆ-ի արտգործնախարարությունը համոզված էր, որ հյուպատոսության պաշտպանության համակարգում հնարավոր ցանկացած թերություն կարող էր վերացվել մոտակայքում գտնվող ԿՀՎ-ի գաղտնի հենակետի ծառայողների օգնությամբ: Նրանց կարծիքով, ԿՀՎ-ը և արտգործնախարարությունը ամենայն հավանականությամբ նախօրոք չէին համաձայնեցրել իրենց դերը հյուպատոսությունը պաշտպանելու գործում:
XS
SM
MD
LG