Մատչելի հղումներ

Չինաստանի գործարանները դանդաղեցրել են արտադրության տեմպերը


Երկրում նվազել է նաև գնաճը

Չինաստանում գործարանների արտադրության ծավալները հասել են երեք տարվա ընթացքում գրանցված ամենացածր մակարդակի: Պեկինը հայտնել է նաև հուլիս ամսվա ընթացքում գնաճի նվազեցման մասին, ինչը հնարավորություն կտա կառավարությանը թուլացնել դրամային քաղաքականությունը՝ տնտեսական աճը խթանելու նպատակով:

Վիճակագրության ազգային բյուրոյի տվյալների համաձայն, այս տարվա հուլիս ամսին գները, համեմատած անցյալ տարվա հուլիս ամսի հետ, աճել են 1,8 տոկոսով, ինչը նույնիսկ ավելի ցածր է 2010 թվականից գրանցված՝ հունիս ամսվա գնաճի ամենացածր տեմպերից, որոնք կազմել են 2, 2 տոկոս:

Չինաստանի իշխանությունները ջանքեր են գործադրում աշխուժացնելու տնտեսական աճը, որն այս տարի զգալիորեն դանդաղել է՝ երկրում արտադրվող ապրանքների նկատմամբ թույլ պահանջարկի հետևանքով:

Կառավարությունը հունիս ամսվա սկզբից երկու անգամ դիմել է վարկերի տոկոսադրույքների նվազեցման և թուլացրել է բանկերի պահուստային գումարների նկատմամբ ներկայացվող պահանջները՝ վերջիններիս կողմից վարկերի տրամադրման գործընթացը խթանելու նպատակով:

Արժույթի միջազգային հիմնադրամն անցյալ ամիս հրապարակել է զեկույց, որտեղ հորդորել է Չինաստանին, տնտեսական աճը շարունակելու նպատակով, կենտրոնանալ ներպետական սպառման խթանման վրա և նվազեցնել կախվածությունը երկրում արտադրված ապրանքների արտահանումներից:
XS
SM
MD
LG