Մատչելի հղումներ

Չինաստանը նախազգուշացրել է ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանին իրեն սպասող ծանր աշխատանքի մասին


Չինաստանը նախազգուշացրել է ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանին իրեն սպասող ծանր աշխատանքի մասին

Չինաստանի պետական լրատվամիջոցները երկուշաբթի օրը զգուշացրել են այս երկրում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանին, որ իրեն ցուցաբերված բարյացակամ ընդունելությունը պետք չէ ընդունել որպես երկու պետությունների միջև առկա խնդիրների լուծում:

Որպես Չինաստանում ԱՄՆ-ի դեսպան նշանակված Գերի Լոքը, որն այս պաշտոնը զբաղեցնող չինական ծագումով առաջին ամերիկացին է, ուրբաթ օրը սենսացիա է առաջացրել Չինաստանում, քանի որ ինքն անձամբ է տարել իր ուղեբեռը և օդանավակայանից դեսպանություն է տեղափոխվել մի համեստ մեքենայով:

Պաշտոնական «Սինխուա» լրատվական գործակալությունը սակայն, որը նորանշանակ դեսպանին «մեջքի պայուսակով շրջող զբոսաշրջիկ» է անվանել, տեղեկացրել է, որ նա պետք է զբաղվի երկու պետությունների միջև մի շարք խնդիրների, ներառյալ առևտրի, ռազմական և ԱՄՆ-ի արտաքին պարտքի ոլորտում ստեղծված լարվածության խնդիրների լուծմամբ:

Գործակալության համաձայն, Լոքի առաքելությունը «շատ ավելի ծանր է լինելու, քան Չինաստան բերված իր պայուսակը»:

«Global Times» չինական օրաթերթը նշել է, որ ԱՄՆ-ի դեսպան Լոքի չինական ծագումը չի նշանակում, որ նա զիջողական մոտեցում է ցուցաբերելու՝ Միացյալ Նահանգների շահերը պաշտպանելու հարցում:

Պեկինում կիրակի օրն անցկացված մամուլի հետ հանդիպման ընթացքում Լոքը պարտավորվել է ամրապնդել հարաբերությունները Չինաստանի և ԱՄՆ-ի միջև՝ հավելելով, որ գործարարության, գիտության և կրթության ոլորտում երկու պետությունների միջև համագործակցության արդյունքում կարող են «լուծվել աշխարհի բազմաթիվ խնդիրներ»:

XS
SM
MD
LG