Մատչելի հղումներ

Չինաստանը հորդորել է զսպվածություն պահպանել Ուկրաինայի հարցում


Ռուսաստանի «Ռոսիա-1» հեռուստաընկերության «Շաբաթվա լուրերը» հաղորդավարը նախօրեին զգուշացրել էր, որ Ռուսաստանը կարող է միջուկային հարված հասցնել Միացյալ Նահանգների ուղղությամբ

Չինաստանի արտգործնախարարը երկուշաբթի օրը կրկնել է Ուկրաինայի հարցով հանգստություն ու զսպվածություն պահպանելու մասին Պեկինի կոչը:

Չինաստանի փոխարտգործնախարար Լի Բաոդոնդը, հանդես գալով լրագրողների առջև այս ամիս ավելի ուշ երկրի նախագահ Սի Ծինփինի կողմից Եվրոպա կայանալիք այցելությանն ընդառաջ, ասել է, որ Ուկրաինայում ծավալված ճգնաժամը հնարավոր է լուծել միայն քաղաքական միջոցներով:

«Մենք մեծ ուշադրությամբ հետևում ենք Ուկրաինայում տիրող իրավիճակին: Հուսով ենք, որ բոլոր կողմերը կկարողանան պահպանել հանգստություն և զսպվածություն՝ խուսափելու համար իրավիճակի հետագա սրումից և վատթարացումից: Քաղաքական լուծումն ու երկխոսությունը միակ ելքը կարող են լինել», - շեշտել է Չինաստանի փոխարտգործնախարարը:

Ռուսաստանի «Ռոսիա-1» հեռուստաընկերության «Շաբաթվա լուրերը» հաղորդավարը նախօրեին զգուշացրել էր, որ Ռուսաստանը կարող է միջուկային հարված հասցնել Միացյալ Նահանգների ուղղությամբ:

«Ռոսիա-1» պետական հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Շաբաթվա լուրերը» հաղորդումը վարող Դմիտրի Կիսելևն ասել է, թե «Ռուսաստանն աշխարհի միակ պետությունն է, որը կարող է միջուկային մոխիրի վերածել Միացյալ Նահանգները»:

Կիսելևը հիշեցրել է , որ «եթե նույնիսկ թշնամու միջուկային հարձակումից հետո մեր հրամանատարական կետերում լռեն բոլոր մարդիկ, սակայն անխոցելի համակարգն ավտոմատ կարգով ճիշտ ուղղությամբ թռիչքի կուղարկի ռազմավարական մեր հրթիռները»:
XS
SM
MD
LG