Մատչելի հղումներ

Չինաստանը դժգոհ է Ուկրաինայի գործերին Արևմուտքի «միջամտությամբ»


«Արևմուտքի միջամտությունը խոչընդոտել է Ուկրաինայի կառավարության և ընդդիմության միջև անկախ երկխոսությանը՝ սերմանելով ներպետական հետագա սոցիալական և քաղաքական վեճեր»

«Արևմուտքի պետությունները պետք է դադարեցնեն Ուկրաինայի ներքին գործերին իրենց միջամտությունը և Եվրամիության հետ առևտրային համաձայնության շուրջ մարդկանց կարծիքների աղավաղումը»:

Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել Չինաստանի «Սինհուա» պետական լրատվական գործակալությունը՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմից այս երկիր կատարված այցից մի քանի օր անց:

«Արևմուտքը չպետք է միջամտի ինքնիշխան պետության ներքին գործերին: Սատարելով հակակառավարական ցուցարարներին՝ Արևմուտքի լուրջ հարված է հասցնում Ուկրաինայի ժողովրդավարությանը, և այս գործողությունները կարող են նաև զգալիորեն բարդացնել տարածաշրջանում ստեղծված իրավիճակը» - գրում է Չինաստանի պետական լրատվական գործակալությունը, որը, բացի այդ, մեղադրել է Արևմուտքին «տարածաշրջանում հակամարտություն և անկայունություն» հրահրելու մեջ, քանի որ, ըստ գործակալության, վերջինս «դեպի Եվրամիություն է մղում Ուկրաինային՝ ուղղակի եղանակով մարտահրավեր նետելով Մոսկվային»:

«Արևմուտքի միջամտությունը խոչընդոտել է Ուկրաինայի կառավարության և ընդդիմության միջև անկախ երկխոսությանը՝ սերմանելով ներպետական հետագա սոցիալական և քաղաքական վեճեր», - պնդում է Չինաստանի պետական լրատվական գործակալությունը, որի մեկնաբանությունները Չինաստանի իշխանությունների պաշտոնական հայտարարություններ չեն, սակայն համարվում է, որ արտահայտում են պաշտոնական Պեկինի տեսակետը:
XS
SM
MD
LG