Մատչելի հղումներ

Չինաստանը պատրաստվում է թռչնագրիպի նոր վիրուսի հետ պայքարի


Ճապոնիան և Հոնկոնգն ուժեղացրել են հսկողությունը, Վիետնամն արգելել է Չինաստանից թռչնի մսի ներմուծումը

Չինաստանի իշխանությունները հայտնել են արդեն չորրորդ զոհի պատճառը դարձած թռչնագրիպի նոր տեսակի հետ պայքարելու համար առկա ռեսուրսները հավաքագրելու մասին: Ճապոնիան և Հոնկոնգն այս ընթացքում ուժեղացրել են հսկողությունը, իսկ Վիետնամն արգելել է Չինաստանից թռչնի մսի ներմուծումը:

Թռչնագրիպի նոր՝ «H7N9» անվանումը կրող տեսակն ըստ էության մարդուց մարդ չի փոխանցվում, սակայն Հոնկոնգի իշխանությունները նախնական պատրաստվածություն են հայտարարել՝ նշելով, որ նախազգուշական միջոցներ են ձեռնարկում օդանավակայաններում:

Ճապոնիայի օդանավակայաններում փակցվել են պաստառներ, որոնք հորդորում են Չինաստանից ժամանող ուղևորներին դիմել բժշկական օգնության՝ թռչնագրիպի ախտանիշներ հայտնաբերելու դեպքում:

Վիետնամի իշխանությունները հայտնել են Չինաստանից թռչնի մսի ներմուծումն արգելելու մասին՝ նշելով, որ նման միջոցառումներ են ձեռնարկվել «H7N9» վիրուսի տարածման մտավախություններից ելնելով:

Չինաստանում «H7N9» տեսակի վիրուսով արդեն իսկ վարակվել է 11 մարդ, բոլորը՝ երկրի արևելյան մասերում: Երկրի պետական լրատվամիջոցների համաձայն, Շանհայում հինգշաբթի օրը վախճանվել է ևս մեկ հիվանդ: Թռչնագրիպի նոր տեսակի զոհ է գնացել 48-ամյա մի տղամարդ, որն աշխատում էր թռչունների առաքման ոլորտում:

«Չինաստանը կուժեղացնի իր առաջնորդությունը վիրուսի դեմ պայքարի գործում, կհամակարգի և գործողության մեջ կդնի երկրի առողջապահական համակարգը՝ վիրուսի դեմ պայքարելու նպատակով», - նշված է Չինաստանի առողջապահության նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ:

Երկրի մայրաքաղաք Պեկինում առողջապահության նախարարության պաշտոնյաները խոստացել են բնակչությանն ու ամբողջ աշխարհին արագ հայտնել թռչնագրիպի վիրուսի հետ կապված զարգացումների մասին տեղեկությունները:

Չինաստանում համացանցի օգտատերերն ու որոշ լրատվամիջոցներ բողոքել են, որ առողջապահության նախարարությունը չափազանց ուշ է հայտնում վարակման նոր դեպքերի մասին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ զոհերից երկուսը հիվանդացել էին դեռևս փետրվար ամսին: Կառավարական մարմիններն արձագանքել են՝ նշելով, որ վիրուսը ճշգրտորեն որոշելու համար որոշակի ժամանակ է պահանջվում:
XS
SM
MD
LG