Մատչելի հղումներ

Չինաստանի նախագահն այցելել է Ավստրիա


Չինաստանի նախագահն այցելել է Ավստրիա

Չինաստանի նախագահ Հու Ջինթաոն պետական այցով գտնվում է Ավստրիայում, որտեղ այսօր կայացել են բանակցություններն իր և Ավստրիայի իր գործընկեր Հայնց Ֆիշերի միջև: Սպասվում է, որ պետական այցի ընթացքում ստորագրվելու է առևտրի և այլ ոլորտներին վերաբերող մի քանի պայմանագիր:

Չինաստանի նախագահը մասնակցելու է նաև Ֆրանսիայի Կանն քաղաքում երեքշաբթի օրը կայանալիք «Մեծ քսանյակի» հանդիպման, որի ընթացքում սպասվում է, որ Չինաստանի վրա գործադրվելու է ճնշում՝ անցյալ շաբաթ ստեղծված Ֆինանսական կայունության եվրոպական հիմնադրամում 100 միլիարդ դոլար ներդնելու հարցում:

«Չայնա դեյլի» չինական օրաթերթում երկուշաբթի օրը հրապարակված մեկնաբանությունների համաձայն, ներդրումների փոխարեն Չինաստանը պահանջելու է, որպեսզի Եվրոպան շուկայական ճանաչի այս երկրի տնտեսությունը, բարելավի Չինաստանին վերաբերող միջազգային առևտրի կանոնները և թուլացնի այս երկիր բարձր տեխնոլոգիաների արտադրանքի ներմուծման կանոնները:

«Չայնա դեյլի» օրաթերթում նշվել է, որ «Չինաստանն իր հնարավորությունների սահմաններում կօգնի Եվրոպային, սակայն այն չի կարող լինել Եվրոպայի փրկիչը կամ առաջարկել դեղամիջոց բոլոր արատների դեմ»:

XS
SM
MD
LG