Մատչելի հղումներ

Բարեգործական կազմակերպությունների համար ԱՄՆ-ում գնալով դժվարանում է օգնության տրամադրումն աղքատներին


Բարեգործական կազմակերպությունների համար ԱՄՆ-ում գնալով դժվարանում է օգնության տրամադրումն աղքատներին
Բարեգործական կազմակերպությունների համար ԱՄՆ-ում գնալով դժվարանում է օգնության տրամադրումն աղքատներին

Միացյալ Նահանգների վերջին մարդահամարի տվյալների համաձայն, ավելի քան 46 միլիոն ամերիկացի աղքատ է: Սա ամենաբարձր ցուցանիշն է 1959 թվականից ի վեր, երբ գործակալությունը սկսեց հետևել նաև աղքատության ցուցանիշին: 50 միլիոն ամերիկացի ապրում է առանց առողջական ապահովագրության: Օգնություն փնտրող մարդկանց աճող թիվը աղքատներին օգնող կազմակերպությունների մտահոգությունն է դարձել:

Գործազուրկ Ջինա Զբիկովսկու խոսքերով՝ աշխատանք գտնելու դժվարին փորձերը և սոցիալական նպաստով ապրելն ամերիկյան երազանքը չեն:

«Ըստ ինձ, ամերիկյան երազանքը սեփական տուն, սեփական գործ, մեքենա ունենալն է, մի խոսքով՝ լիարժեք կյանքով ապրելը: Ես նույնիսկ այժմ չեմ կարող այդ մասին երազել», - ասում է Զբիկովսկին:

Ջինայի ընկեր Ջոն Օլրիչը աշխատում է կես դրույքով՝ առանց առողջական ապահովագրության: Բացի այդ, նա տառապում է էպիլեպսիայով:

«Դեղորայքը բավական թանկ է, և ես ամեն ամիս վճարում եմ դրա համար: Երբ դեղորայքի համար գումար չեմ ունենում, միակ հուսն իմ տատիկն է: Ես պետք է վճարեմ թե դեղորայքի և թե բժիշկ այցելելու համար», - ասում է Օլրիչը:

Վեց ամերիկացիներից մեկը ապրում է աղքատության մեջ, ինչպես Ջինան և Ջոնը:

Քիմ Փերեսի համաձայն, «աղքատությունը ամենօրյա պայքար է՝ ընտրություն սեղանին կերակուր դնելու և տան վարձը վճարելու, կամ երեխաներին կերակրելու և նրանց համար դեղորայք գնելու միջև»:

Փերեսը Իլինոյս նահանգում տնօրինում է Մատակարարման կենտրոնը, որը սննդամթերքով է ապահովում Ջինայի և Ջոնի նման կարիքավորներին:

«Մարդիկ, ովքեր հաջողակ կյանք են ունեցել, ովքեր կրթվել են, այժմ աղքատության մեջ են։ Նրանց սոցիալական նպաստները դադարել են և անկեղծ ասած, դաշնային, նահանգային կամ տեղական միջոցները բավարար չեն նրանց կարիքները հոգալու համար», - ասում է Փերեսը:

Աղքատների թվի աճի պատճառով օգնություն տրամադրող գործակալությունների միջոցները սպառվում են։

Չիկագո քաղաքի արվարձաններից մեկում գտնվող Մարդկանց խնամքի ծառայություն գործակալությունում, որը փորձում է կանխել անօթևանությունը, աշխատող Լիզա Մայզ-Լիլիգի համաձայն, օգնության կարիք ունեցողների շատ փոքր մասն է միայն օգնություն ստանում:

«Գումարները այլևս չեն բավարարում: Նվազել են նաև ֆինանսավորման աղբյուրները։ Կարիքավորների թիվը գնալով աճում է», - ասում է Մայզ-Լիլիգը:

Ջինա Զբիկովսկին գիտի օգնություն տրամադրող գործակալությունների միջոցների սահմանափակ լինելու մասին: Նա ասում է, որ կգերադասեր աշխատել և անձամբ հոգ տանել իր մասին:Նրա խոսքերով, եթե գործազրկության բարձր տոկոսը կրճատելու փորձեր չկատարվեն, օգնություն փնտրող մարդկանց թիվը գնալով աճելու է:

XS
SM
MD
LG