Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիայի վարչապետը պատասխանելու է խորհրդարանականների հարցերին


Հակակառավարական ցույց Մեծ Բրիտանիայում
Հակակառավարական ցույց Մեծ Բրիտանիայում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը չորեքշաբթի օրը երկրի խորհրդարանում պատասխանելու է հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման սկանդալի կիզակետում գտնվող մեդիա կայսրության բարձրաստիճան ղեկավարների հետ ունեցած իր հարաբերությունների վերաբերյալ հարցերին։

Քեմերոնին քննադատում են արդեն փակված տաբլոիդ թերթի, որի ղեկավարությանը ներկայացվել են սպանված դեռահասի, զոհված զինվորների և այլոց հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում իրականացնելու մեղադրանքներ, նախկին խմբագրին աշխատանքի ընդունելու որոշման համար։ Թերթի նախկին խմբագիր Էնդի Քոուլսոնը, որը ձերբակալվել է սկանդալի կապակցությամբ, զբաղեցրել է վարչապետի աշխատակազմի հասարակության հետ կապերի բաժնի պետի պաշտոնը։

Մեծ Բրիտանիայի ընդդիմական կուսակցությունները քննադատության են ենթարկել վարչապետին նաև տաբլոիդ թերթի սեփականատեր Ռուպերտ Մերդոքի «News Corporation» ընկերության ղեկավարության հետ հաճախակի հանդիպումներ ունենալու համար։ Անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտնել է, որ իր պաշտոնավարման 14 ամիսների ընթացքում 26 անգամ հանդիպել է Մերդոքի ընկերության ղեկավարների հետ, ինչը երկու անգամ գերազանցում է զանգվածային այլ լրատվամիջոցների հետ ունեցած իր հանդիպումների թիվը։

Մեծ Բրիտանիայի խորհրդարանական հանձնաժողովը չորեքշաբթի օրը քննադատության է ենթարկել Մերդոքի մեդիա կայսրության բրիտանական թևը հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման գործում «կանխամտածված խոչընդոտներ» ստեղծելու համար և նշել, որ այս գործի շուրջ ոստիկանության կողմից իրականացվող հետաքննությունը «անհաջողությունների հավաքածու» է։ Գաղտնալսումների հետ կապված սկանդալի արդյունքում հրաժարական արդեն իսկ ներկայացրել են Լոնդոնի ոստիկանության բարձրաստիճան երկու պաշտոնյա Փոլ Ստիվենսոնն ու Ջոն Յեյթսը։

Ռուպերտ Մերդոքը, երեքշաբթի օրը հանդես գալով Մեծ Բրիտանիայի խորհրդարանի առջև, ներողություն է խնդրել՝ ասելով, որ «այդ օրը եղել է իր կյանքի ամենանվաստացնող օրը»։ Մերդոքը պնդել է, որ անձնական պատասխանատվություն չի կրում սկանդալն առաջացրած հանգամանքների համար՝ փոխարենը մեղադրելով այն մարդկանց, որոնց ինքը վստահել է կազմակերպության ղեկավարությունը։

XS
SM
MD
LG