Մատչելի հղումներ

Կալիֆորնիայում երաշտը կարող է դառնալ սննդամթերքի գնաճի պատճառը


Ամբարտակներից և գետային համակարգից ջրի բացթողումը վերահսկող դաշնային գործակալությունը դադարեցրել է ջրի մատակարարումը, ինչի հետևանքով Կալիֆորնիայի Կենտրոնական հովտում ավելի քան 200,000 հեկտար հող կարող է անմշակ մնալ

Կալիֆորնիան հայտնի է որպես խոշոր ագարակային նահանգ: Խիստ երաշտը սակայն վնաս է հասցնում տեղի ֆերմերներին և մեծացնում սննդի գնաճի հավանականությունը Միացյալ Նահանգներում, ինչը կարող է նաև ազդեցություն գործել արտասահմանյան շուկաներում սննդի գների վրա:

Անցյալ տարի Կալիֆորնիայում գրանցվել է ռեկորդային չոր եղանակ, և, ըստ երևույթի, այս տարին նույնքան չոր կլինի: Որոշ ջրամբարներ դատարկ են, իսկ Սիերա լեռան ձյան ծածկույթը, որի հալոցքից գարնանը վարարում են գետերը, վտանգավոր ցածր մակարդակի է հասել՝ սովորականից չորս անգամ պակաս:

Կալիֆորնիայի ֆերմերները մտահոգված են, որ դա կարող է առաջացնել ևս մեկ «Փոշու հողմ»՝ նկատի ունենալով 1930-ականների երաշտի և փոշու փոթորիկների ավերիչ հետևանքները գյուղատնտեսության վրա:

Միացյալ Նահանգների մրգերի ու բանջարեղենի գրեթե կեսն արտադրվում է Կալիֆորնիայում՝ հիմնականում նահանգի Կենտրոնական հովտում: Ամբարտակներից և գետային համակարգից ջրի բացթողումը վերահսկող դաշնային գործակալությունը դադարեցրել է ջրի մատակարարումը, ինչի հետևանքով Կալիֆորնիայի Կենտրոնական հովտում ավելի քան 200,000 հեկտար հող կարող է անմշակ մնալ:

Չնայած երաշտը դեռևս չի անդրադարձել սպառողների վրա, դա սակայն անխուսափելի է, քանի որ պակասորդը հանգեցնում է գնաճի:

Որոշ կարծիքների համաձայն, Կալիֆորնիայում սննդամթերքի գնաճը կազդի ամբողջ երկրի, ինչպես նաև արտասահմանյան շուկայի վրա՝ հաշվի առնելով այն փաստը, որ Կալիֆորնիան սննդամթերքի խոշոր արտահանող է:
XS
SM
MD
LG