Մատչելի հղումներ

Կալիֆորնիա նահանգի խորհրդարանի ընթացակարգային հանձնաժողովն ընդունել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը սատարող բանաձև


«Կալիֆորնիա նահանգի օրենսդրական մարմինը հորդորում է Միացյալ Նահանգների նախագահին և Կոնգրեսին սատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշումն ու ժողովրդավարական անկախությունը»

Կալիֆորնիա նահանգի խորհրդարանի ընթացակարգային հանձնաժողովն ընդունել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը սատարող համատեղ թիվ AJR 32 բանաձևը, որը ներկայացվել է խորհրդարանական Մայք Գաթոյի կողմից, և որը համահեղինակել են Կալիֆորնիայի խորհրդարանականներ Աչաջյանը, Բոքանեգրան, Բրաունը, Աեն Քելդերոնը, Դաբաբնեհը, Նեստանդեն, Օլսենն ու Փաթերսոնը:

Այս մասին հաղորդել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևելյան տարածաշրջանի գրասենյակը, որի նախագահ Նորա Հովսեփյանը երախտապարտություն է հայտնել խորհրդարանական Մայք Գաթոյին՝ AJR 32 բանաձևը քվեարկման դնելու համար:

Հովսեփյանի համաձայն, AJR 32 բանաձևը, որով ճանաչվում է Արցախի անկախությունը, «համապատասխանում է ինքնորոշման և ազատության ամերիկյան իդեալներին»:

«Ակնկալում ենք, որ Կալիֆորնիան կմիանա Ռոդ Այլենդ, Մեյն, Մասաչուսեթս և Լուիզիանա նահանգներին՝ Արցախի մեր քույրերի և եղբայրների կողմից իրենց նախնիների հողում խաղաղության և բարեկեցության հաստատման արդար գործում», - ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևելյան տարածաշրջանի գրասենյակի նախագահ Հովսեփյանը:

Կալիֆորնիա նահանգի խորհրդարանի ընթացակարգային հանձնաժողովի կողմից ընդունված համատեղ AJR 32 բանաձևում մասնավորապես ասված է, որ Կալիֆորնիա նահանգի օրենսդրական մարմինը խրախուսում և սատարում է որպես ազատ և անկախ պետություն զարգանալու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից գործադրվող ջանքերը՝ «երաշխավորելու համար իր քաղաքացիներին այն իրավունքները, որոնք բնորոշ են ազատ և անկախ հասարակությանը»:

«Կալիֆորնիա նահանգի օրենսդրական մարմինը հորդորում է Միացյալ Նահանգների նախագահին և Կոնգրեսին սատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշումն ու ժողովրդավարական անկախությունը և ռազմավարական կարևորություն ունեցող տարածաշրջանում միջազգային հանրության կողմից անվտանգության խնդիրներին արդար և տևական լուծում գտնելու ուղղությամբ ձեռնարկվող կառուցողական ներգրավվածությունը», - ասված է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի խորհրդարանի ընթացակարգային հանձնաժողովի կողմից ընդունված թիվ AJR 32 բանաձևում:
XS
SM
MD
LG