Ըստ Գաֆեսջյան արվեստի կենտրոնի, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը նամակ է հղել Գաֆեսջյան արվեստի կենտրոնին` շնորհակալություն հայտնելով ԱՄՆ-ի արտգործնախարարի այցը կազմակերպելու գործում օժանդակության համար:
Դեսպանի նամակում ասվում է, որ նա բարձր է գնահատում արտգործնախարար Քլինթընի այցի նախապատրաստության ընթացքում Կենտրոնի ցուցաբերած օգնությունը:
ԱՄՆ-ի արտգործնախարար Քլինթընը այցելել է Գաֆեսջյան արվեստի կենտրոն ս.թ. հուլիսի 5-ին: Իր պատվին Կենտրոնում ցուցադրվել է Սիդնի Հաթերի ապակե քանդակը: Այդ քանդակը նման է 1993 թվականին Սպիտակ տան գեղարվեստի հավաքածուի մեջ ներառված նույն հեղինակի «Սպիտակ տան ծաղկաման» քանդակին:
Արտգործնախարար Քլինթընն արտահայտել էր իր հիացմունքը Գաֆեսջյանի հավաքածուի մաս կազմող Հաթերի քանդակի կապակցությամբ, և գործող տնօրեն Վահան Մարաբյանին ասել, թե Կենտրոնը որքան հպարտ պետք է լինի իր նվաճումներով:
Գաֆեսջյան քանդակների այգում և Առաջին ցուցասրահում շրջագայությունից հետո Խանջյան սրահում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում տիկին Քլինթընը թանգարանն անվանել է «արվեստի միանգամայն ցնցող կենտրոն»:
Սիդնի Հաթերի քանդակը դեռևս ցուցադրվում է Գաֆեսջյան արվեստի կենտրոնում: Օգոստոս ամսվա ընթացքում այն կարելի է դիտել Երևանում գտնվող Գաֆեսջյան արվեստի կենտրոնի Առաջին ցուցասրահում: