ԱՄՆի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հինգշաբթի օրը քննարկվում էր Բոսնիա-Հերցեգովինայում, Հունաստանում, Իսլանդիայում եւ Ադրբեջանում ԱՄՆ-ի նոր դեսպանների թեկնածության հարցը։
Թեկնածուները նախ ներկայացրին իրենց ընտանիքներին ու իրենց աշխատանքները, փորձառությունն ու դեսպանի պաշտոնում հաստատվելու դեպքում իրենց ծրագրերը։ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածու Մեթյու Բրայզան, նախ ներկայացնելով կնոջը ու հավելելով, որ իրենք ունեն 16 օրական աղջիկ, մասնավորապես ասաց, թե որքան կարեւոր գործընկեր է Ադրբեջանն ԱՄՆ-ի համար, որը կարեւոր դեր է ստանձնել ահաբեկչության դեմ պայքարում, ունի էներգիայի մեծ աղբյուրներ, զորքեր է տրամադրել Կոսովոյում, Իրաքում եւ Աֆղանստանում։
Բրայզան խոստացավ, հաստատվելու դեպքում, նպաստել բնական գազ արտահանող Հարավային միջանցք ծրագրի իրականացմանը, որն ադրբեջանական նավթը կհասցնի եւրոպական շուկաներ։ Բրայզան, որը մի քանի տարի եղել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ, խոստացավ նաեւ աջակցել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը, ասելով, թե այս խնդիրը չունի ռազմական լուծում։
Սակայն քննարկումների ժամանակ, ինչպես եւ սպասվում էր, Բրայզան հայտնվեց դժվար քննություն տալու պարտավորության առջեւ։
Հուլիսի 2Օ-ին “The Washington Times” օրաթերթն իր ընթերցողների ուշադրությանն էր հանձնել հայկական կողմի, մասնավորապես Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի ներկայացրած մտահոգությունները. Այն, որ "Մեթյու Բրայզան շատ սերտ հարաբերություններ ունի Ադրբեջանի քաղաքական գործիչների հետ ու միակողմանի դիրքորոշում՝ ի վնաս Հայաստանի, այն որ նաեւ Բրայզայի թուրք կնոջ կողմից Վաշինգտոնում ղեկավարվող Հադսըն հաստատությունը ֆինանսական հատկացումներ է ստացել Ադրբեջանի հետ համագործակցող նավթային ընկերություններից, ինչը թույլ չի տալիս ամերիկացի դիվանագետի անկողմնակալությունը, այն որ Ստամբուլում Զեյնո Բարանի եւ Բրայզայի ամուսնության հանդեսը ֆինանսավորել է Ադրբեջանի ֆինանսների նախկին նախարարը"։
Այս հարցերը վերհանվեցին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ, երբ քննարկումներին միացան սենատորներ Բարբարա Բոքսերն ու Ռոբերտ Մենենդեսը։
Բոքսերը սկսեց հունիսի 18-ին ադրբեջանական կողմից սկսված սադրանքից, որի արդյունքում զոհվել էր հայ 4 զինվորական։ ՝՝Արդյո՞ք Ադրբեջանը չի ցանկանում թեժացնել իրադրությունը՛՛, հարցրեց սենատորը։
Բրայզան սկսեց ներկայացնել փաստեր, հիշեցրեց Քլինթընի խոսքը, ասաց, թե խնդիրը չունի ռազմական լուծում։ Իր պատասխանով Բրայզան չդատապարտեց Ադրբեջանին: Այդ պատճառով այն չգոհացրեց Բոքսերին ու նա այն անվանեց "թույլ պատասխան":
Բոքսերը ցանկացավ իմանալ Բրայզայի պատասխանը նաեւ թիվ 9Օ7 բանաձեւի շուրջ։ Հիշեցնենք, որ այս բանաձեւն արգելում է ամերիկյան օգնություն Ադրբեջանին, մի քանի պատճառներով, որոնցից մեկը այս երկրի կողմից ուժի կիրառումն է։
Բրայզան հարցը թողեց որպես պետդեպարտամենտի որոշելիք խնդիր, իսկ Բոքսերը՝ դժգոհ նաեւ այս պատասխանից, ասաց, թե ինքն ակնկալում էր Բրայզայի անձնական կարծիքը, ու չէր սպասում, որ թեկնածուն, "հարցի պատասխանը կգցեր ուրիշի վրա"։
Սենատոր Ռոբերտ Մենենդեսն իր խոսքը սկսեց Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորությամբ, ասելով, թե առաջընթացի համար նախ հարկավոր է ճանաչել պատմությունը։ Նա հիշեցրեց "Հայոց ցեղասպանություն" բառակապակցությունն արտասանելու պատճառով, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Էվանսին աշխատանքից ազատելու փաստի մասին։
"Դուք, որպես ԱՄՆ-ի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյա, ի՞նչ դեր եք ունեցել Էվանսին պաշտոնանկ անելու գործում", հարցրեց Մենենդեսը Բրայզային։
"Բացարձակապես ոչ մի, որքան էլ անհավատալի թվա, ինձ այդ ժամանակ չի ուղղվել որեւէ հարց այդ մասին", պատասխանեց Բրայզան։
Ջուլֆայում 7-րդ դարի հայկական գերեզմանոցը ոչնչացնելու փաստի առնչությամբ Մենենդեսը ցանկացավ իմանալ, թե ինչու, որպես Մինսկի խմբի համանախագահ, Բրայզան հրապարակային հայտարարությամբ հանդես եկավ դեպքերից միայն 3 ամիս անց։
Բրայզան փորձեց արդարանալ, որ մինչեւ հրապակային կերպով այն ՝՝ողբերգություն՛՛ անվանելը, հարկավոր էր ստանալ հստակ տեղեկություններ, իսկ մինչ այդ ստացված բոլոր տեսագրությունները, ասաց նա, շատ աղոտ ու մշուշոտ էին։
Բրայզայի համար ամենախոցելի հարցերից մեկը թերեւս Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը մյուս սկզբունքներից, այդ թվում ազգային ինքնորոշման իրավունքից վեր դասելու մասին ԲիԲիՍի կայանին տված հարցազրույցի ժամանակ իր պատասխանի մասին էր։ "Մի՞թե Ամերիկայի քաղաքականության գերակայող սկզբունքը ժողովուրդների ազատ ինքնորոշումը չէ", հարց տվեց սենատոր Մենենդեսը։
Բրայզան, որն ի դեպ, առաջին անգամը լինելով, "ինքնորոշում" եզրույթն արտասանեց ՝՝տարածքային ամբողջականություն՛՛ բառակապակցությունից առաջ, փորձեց արդարանալ, ասելով, թե իր հարցազրույցից առաջ ԱՄՆ-ի փոխնախագահ Չեյնին էր Բաքվում ասել, թե լուծումը պիտի բխի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքից։
Բրայզայի այս պատասխանը նորից չարժանացավ դրական գնահատականի։
Վերջում Մենեդեսը հարցրեց. "Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է ձեր նկատմամբ մտահոգությունն այսքան մեծ"։
Բրայզան սկսեց պատասխանել, բայց Մենենդեսի կեցվածքից պարզ էր, որ նրա հարցը պատասխանի կարիք չուներ. Այն ավելի շուտ, հայտարարություն էր։
Մեկ օրվա ընթացքում սենատորները գրավոր հարցեր են ներկայացնելու դեսպանների թեկնածուներին՝ ակնկալելով գրավոր պատասխաններ նրանցից։ Եթե պատասխանները գոհացնեն, թեկնածությունների հարցը կտեղափոխվի Սենատի լիագումար նիստում քվեարկության։
Սակայն որեւէ սենատոր կարող է կասեցնել որեւէ թեկնածուի հաստատման գործընթացը, ինչպես արվեց մի քանի տարի առաջ, երբ Մենենդեսը կասեցրեց Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը, որը, հերքելով Հայոց ցեղասպանությունը, ձգտում էր Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնին։