Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար. «Եվրոպան պետք է ուժեղացնի ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված ջանքերը»


Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգթոն
Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգթոն

Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգթոնը կարծում է, որ Եվրոպան պետք է ուժեղացնի ղարաբաղյան հակամարտության լուծմանն ուղղված ջանքերը:

Ադրբեջանական «Trend» գործակալության փոխանցմամբ, չորեքշաբթի օրը Լեզուների ադրբեջանական համալսարանում իր ելույթի ընթացքում Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարարն ասել է. «Ղարաբաղյան հակամարտությունը մեծ մտահոգություն է առաջացնում ԵՄ-ում: Մենք կարող ենք համատեղ առավել ջանքեր գործադրել այս հակամարտությունը լուծելու գործընթացին օժանդակելու համար»:

Նա ասել է, որ Մեծ Բրիտանիան և ԵՄ-ում իր գործընկերները հետաքրքրված են աջակցել Հայաստանին և Ադրբեջանին` ղարաբաղյան հակամարտությունը լուծելու գործում:

Լիդինգթոնի համաձայն, շփման գոտում վերջերս տեղի ունեցած միջադեպերը նույնպես անհանգստություն են առաջացնում Եվրոպայում:

«Մեծ Բրիտանիան շարունակում է սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը, որոնք ուղված են համակարտության կողմերին խաղաղ և տևական լուծումը գտնելու գործում օժանդակություն ցուցաբերելուն, և մենք շարունակելու ենք սատարել նրանց», - նշել է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով նախարարը:

Նրա կարծիքով, Եվրամիությունը կարող է անել ավելին` մասնավորապես, առավել հստակ ձևակերպել, թե ինչ օժանդակություն կարող է տրամադրել ԵՄ-ը Հայաստանին և Ադրբեջանին հակամարտության վերաբերյալ վերջնական լուծումը գտնելուց հետո:

Լիդինգթոնի համաձայն, Բաքու կատարած իր այցն ունի Մեծ Բրիտանիայի և Եվրոպայի կողմից արդյունավետ օժանդակություն տրամադրելու ուղղությունները գտնելու նպատակ:

XS
SM
MD
LG