Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիայի վարչապետը Սիրիայի շուրջ բանակցություններ կանցկացնի ԱՄՆ-ում


Օբաման և Քեմերոնը հանդիպման ընթացքում կքննարկեն նաև գալիք ամիս Հյուսիսային Իռլանդիայում կայանալիք «Մեծ ութնյակի» հանդիպումը, ինչպես նաև առևտրին և ահաբեկչության դեմ պայքարին նվիրված հարցեր

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը երկուշաբթի օրը կհանդիպի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային՝ վերջինիս հետ բանակցություններ անցկացնելու նպատակով, որոնց քննարկման հիմնական առարկան, ըստ կանխատեսումների, կդառնա Սիրիայի հարցը:

Այս հանդիպումը կլինի Քեմերոնի և Օբամայի միջև առաջին հանդիպումը՝ նախագահ Օբամայի կողմից անցյալ տարի իր պաշտոնում վերընտրվելուց հետո:

ԱՄՆ-ի Սպիտակ տան կողմից տարածված հաղորդագրության համաձայն, Օբաման և Քեմերոնը հանդիպման ընթացքում կքննարկեն նաև գալիք ամիս Հյուսիսային Իռլանդիայում կայանալիք «Մեծ ութնյակի» հանդիպումը, ինչպես նաև առևտրին և ահաբեկչության դեմ պայքարին նվիրված հարցեր:

Միացյալ Նահանգներ կատարվող եռօրյա իր այցը վարչապետ Քեմերոնը կմեկնարկի Վաշինգտոնում, ապա կճանապարհորդի Նյու Յորք, որտեղ կմասնակցի աշխարհի զարգացման նոր նպատակների մշակմանն ուղղված ՄԱԿ-ում կայանալիք բանակցությունների:

Միացյալ Նահանգներ Մեծ Բրիտանիայի վարչապետը ժամանել է անցյալ ուրբաթ Ռուսաստանում նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ անցկացնելուց հետո:

Վաշինգտոնն ու Մոսկվան անցյալ շաբաթ համաձայնություն են ձեռք բերել Սիրիայում խաղաղություն հաստատելու նպատակով Սիրիայի կառավարության ներկայացուցիչների և ապստամբների միջև բանակցություններ մեկնարկելուն նվիրված համաժողով անցկացնելու մասին: Սիրիայի կառավարությունը սակայն դեռևս չի արձագանքել այս առաջարկությանը:

Որոշ տեղեկությունների համաձայն, Լոնդոնը շահագրգռված է Սիրիայի կառավարության և ապստամբների մասնակցությամբ նման համաժողով անցկացնելու մեջ:
XS
SM
MD
LG