Մատչելի հղումներ

Նոր հետազոտության արդյունքները կարող են օգնել բժիշկներին և կանանց որոշելու գենետիկական հետազոտություն կատարելու անհրաժեշտությունը


Հետազոտողները գիտեն, որ այն կանայք, ովքեր BRCA-1 գենի մեջ վնասակար փոփոխություն ունեն, ավելի հավանական է, որ կրծքի կամ ձվարանների քաղցկեղ կունենան: Նոր հետազոտությամբ առաջին անգամ համեմատվել է տարբեր ռասայական և էթնիկ ծագմամբ կանանց մոտ այս փոփոխության գերակայությունը: Ըստ ուսումնասիրության՝ ծագումով իսպանախոս կանայք ավելի հավանական է, որ ունենան այդ փոփոխությունը, քան ծագումով աֆրիկացի, ասիացի ամերիկացի, ասիացի-ամերիկացի և ոչ իսպանախոս սպիտակամորթ կանանց մեծամասնությունը:

Իլեյն Բական քաջածանոթ է քաղցկեղին: Նա աշխատում է Հյուսիսային Կալիֆորնիայի քաղկեղի կենտրոնում։ Նրա ընտանիքն ունի կրծքի քաղցկեղի պատմություն ունեմ: «Մայրս ախտորոշվել է 36 տարեկանում, նա ապրեց ևս 30 տարի», - ասում է Իլեյնը:

Ընտանեկան պատմությունը կարող է նշանակել, որ ժառանգականությունը կարևոր է: Եվ քանի որ Իլեյնը ծագումով իսպանախոս ամերիկացի է, ապա ավելի բարձր է վտանգը, որ նրա մոտ BRCA-1 գենում քաղցկեղ առաջացնող փոփոխություն կա, քան այլ ծագմամբ կանանց մոտ:

Հյուսիսային Կալիֆորնիայի քաղցկեղի կենտրոնի բժիշկ Էսթեր Ջոնի և նրա աշխատակիցների գնահատմամբ՝ կրծքի քաղցկեղով հիվանդ ծագումով իսպանախոս հարյուր հիվանդներից երեքի մոտ գենի փոփոխություն կա, ի տարբերություն՝ սպիտակամորթ կանանց շրջանում երկուսի, աֆրո-ամերիկացիների մոտ՝ մեկի, և ասիացի-ամերիկացիներ մոտ՝մեկից քիչ կանանց մոտ: Աշքենազի հրեաների մոտ գերակայությունն ամենաբարձրն է, սակայն դա նոր բացահայտում չէ:

«Մենք ուսումնասիրել ենք Սան Ֆրանցիսկոյի ծոցի շրջանից կրծքի քաղցկեղ ունեցող գրեթե 1700 հիվանդի դեզօքսիռիբոնուկլեական թթուն (ԴՆԹ): Այս բոլոր հիվանդներն ախտորոշվել են մինչև 65 տարեկանը: Մենք նաև պարզել ենք, որ BRCA1 փոփոխությունն առավել տարածված է մինչև 35 տարեկանը կրծքի քաղցկեղով ախտորոշված բոլոր խմբերի երիտասարդ հիվանդների մոտ։ Այս փոփոխությունը հատկապես շատ էր երիտասարդ աֆրոամերիկացի կանանց շրջանում: Մենք այն հայտնաբերեցինք մինչև 35 տարեկանը ախտորոշված երիտասարդ աֆրոամերիկացի հարյուր կանանցից 16-ի մոտ», - ասում է բժիշկը:

Բժիշկ Ջոնի խոսքերով՝ այս արդյունքները կարող են օգնել բժիշկներին և կանանց որոշելու գենետիկական հետազոտություն կատարելու անհրաժեշտությունը: Սակայն բոլոր կանայք պետք է զգոն լինեն մամոգրաֆիայի և քաղցկեղն ախտորոշող այլ եղանակների մասին, քանի որ վաղ բացահայտումը մեծապես բարելավում է կենդանի մնալու հավանականությունը:

Իլեյնը միշտ լրջորեն է վերաբերվել քաղցկեղի վտանգին:

«25 տարեկանից ամեն տարի պարբերաբար մամոգրամական հետազոտություն եմ անցնում: Ինքնազննում եմ կատարում ամիսը մեկ անգամ, նաև ստուգվում ամեն տարի», - ասում է նա՝ հավելելով, որ հուսով է, որ նոր ուսումնասիրությունը չի վախեցնի ծագումով իսպանախոս այլ կանանց, սակայն հույս ունի, որ նրանց ուշադրությունը կսևեռի քաղցկեղի հայտնաբերման կարևորության վրա:

«Կարծում եմ՝ այս հետազոտության արդյունքները երկու լեզվով՝ անգլերենով և իսպաներենով, մատուցելը իսկապես կօգնի ծագումով իսպանախոս կանանց», - ասում է Իլեյնը:
XS
SM
MD
LG