Մատչելի հղումներ

Բրազիլիայում բժիշկը կարող է սպանած լիներ 300 հիվանդի


Նրան մինչ այժմ ներկայացվել է յոթ հիվանդի սպանության մեղադրանք

Բրազիլիայում յոթ հիվանդի սպանության մեջ մեղադրվող մի բժիշկ կարող է պատասխանատու լինել մոտ 300 հիվանդի սպանության համար:

Այս մասին, «Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ, հաղորդել են երկրի բժշկական ոլորտի քննիչները, որոնց համաձայն բժիշկ Վիրջինիա Սոիարես դե Սուզան և նրա բժշկական խումբը, որոնք գործում էին հարավային Քուրթիբա քաղաքում, մկանները թուլացնող դեղ էին ներարկում հիվանդներին, ապա նվազեցնում նրանց տրվող թթվածնի քանակը, ինչի հետևանքով հիվանդները մահանում էին շնչահեղձությունից՝ ասֆիքիսիայից:

Դե Սուզայի հեռախոսազրույցների գաղտնալսումը կատարած քննիչների համաձայն, սպանություններ իրականացնելու պատճառը շտապ բուժօգնության բաժանմունքում հիվանդանոցային տեղեր ազատելն է եղել:

Բժշկի փաստաբանը սակայն պնդում է, որ քննիչները սխալ են հասկացել շտապ բուժօգնության բաժանմունքի աշխատաոճը: Փաստաբանը խոստացել է ապացուցել դե Սուզայի անմեղությունը:

Այն դեպքում, եթե հետաքննությամբ ապացուցվի, որ դե Սուզան սպանել է 300 հիվանդի, դա կարող է դառնալ աշխարհի սերիալ ամենախոշոր սպանությունը: Նման ոճի ամենածանր հանցագործության, որն իրականացվել էր անգլիացի բժիշկ Հարոլդ Շիփմանի կողմից, զոհ է գնացել 215 հիվանդ:

Բրազիլիայի առողջապահության նախարարության խոսնակի համաձայն, երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆի կառավարությունը հինգշաբթի օրը հանդես կգա հիվանդանոցը վերակազմակերպելու մասին հայտարարությամբ:
XS
SM
MD
LG